Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս անդրադարձել է Հայաստանում ներդրումների թեմային՝ տեղեկացնելով. «Մասնավոր ներդրումներն աճել են անցյալ տարվա նկատմամբ եւ կազմում են ՀՆԱ-ի մոտ 15 տոկոսը»: Քերոբյանը նաեւ նշել է, թե պետությունը նախատեսում է փոխել տնտեսության կառուցվածքը, սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարել ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի:
Նախարարի այս հայտարարությունները քարոզչական առումով, ինչ խոսք, լավ են հնչում: Վիճակագրական տվյալներն էլ փաստում են՝ այս տարվա առաջին կիսամյակում ուղղակի ներդրումների որոշակի աճ իսկապես եղել է: Սակայն օտարերկրյա ներդրումների կառուցվածքը մանրամասն ուսումնասիրելիս պատկերն այնքան էլ հուսադրող չէ:
Եվ այսպես, 2021 թվականի հունվար-հունիսին Հայաստանում իրականացվել է 42 մլրդ 872 մլն դրամի ուղղակի ներդրում: Միայն թե այդ գումարի առյուծի բաժինը՝ 38 մլրդ դրամը, ներդրվել է Գերմանիայից եւ հիմնականում ուղղվել հանքարդյունաբերության ոլորտ (ընդհանուր առմամբ այս ոլորտում ներդրվել է ավելի քան 41 մլրդ դրամ): Եվս 7,8 մլրդ դրամ ներդրում էլ իրականացվել է Արգենտինայից. այստեղ էլ գումարի մեծ մասը՝ 4.6 մլրդը, ուղղվել է օդային տրանսպորտի գործունեության ոլորտ:
Իսկ ահա մյուս երկրներից այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում իրականացված ուղիղ ներդրումների ծավալը չի գերազանցել 3 մլրդ դրամը, ինչը նշանակում է, որ մյուս ոլորտներում լուրջ ներդրումներ այդպես էլ չեն իրականացվել: Եվ Հայաստանում ներդրումների աճի մասին պնդումները մեղմ ասած ճարտասանության ոլորտից են: Այս պայմաններում թե ինչպես է փոխվելու Հայաստանի տնտեսության կառուցվածքը, եւ ինչպես է անցում կատարվելու ներդրումների հիման վրա տնտեսական աճի, մեղմ ասած, անհասկանալի է, եթե չասենք՝ անիրականանալի:
Ինչ վերաբերում է ընդհանրապես Հայաստանում ներդրումների ցուցանիշներին, ապա նախորդ տարիներին եւս վիճակը ուրախալի չի եղել: Հասկանալի է՝ 2020-ի աշխարհում կորոնավիրուսի համավարակը, դրա հետեւանքով ամենուր կիրառված սահմանափակումները, այնուհետեւ 44-օրյա պատերազմն իրենց հետեւանքներն են թողել Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալների վրա: Սակայն խոստումնալից պատկեր չի եղել նաեւ 2019 թվականին:
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2018-ին Հայաստանում իրականացվել է 254.1 մլն դոլարի ուղղակի ներդրում, 2019-ին այդ գումարը չնչին ավելացել է՝ դառնալով 254.5 մլն դոլար, իսկ արդեն 2020-ին ցուցանիշները նվազել են՝ հասնելով 117.3 մլն դոլարի: Մեկ փաստ էլ. 2020 թվականի անկման ֆոնին ցանկացած դրական տեղաշարժ հատկապես տոկոսային առումով կարող է նկատելի թվալ: Բայց միայն՝ այդքանով:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: