ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է մասնակցելու «Հանուն ժողովրդավարության» համաժողովին։
Ըստ «Politico» ամերիկյան հանդեսում հրապարակված հրավիրյալների ցանկի՝ Հայաստանի հարեւանների թվում միայն Վրաստանն է հրավիրված։ Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը հրավիրված չեն։
Համաժողովն առցանց ռեժիմով անցկացվելու է դեկտեմբերի 9-10-ը։ Պետությունների ու կառավարությունների ղեկավարներից բացի՝ մասնակցելու են նաեւ քաղաքացիական հասարակության, բարեգործական ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ։
ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է, որ մարդու իրավունքները եւ ժողովրդավարական համակարգերը ամբողջ աշխարհում կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ: Համաժողովում շեշտը դրվելու է ժողովրդավարության առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։