ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 7-ին՝ 11:00-ին, «Հիլլս» սպորտային համալիրում (Մոլդովական փողոց 27/1, Նոր Նորքի 2-րդ զանգված) տեղի կունենա «Պատվաստումների օր Երեւանում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ:
ՀՀ ԱՆ-ն նշել է, որ միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձեւավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարեւորության վերաբերյալ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներն անցորդներին կբաժանեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաեւ անհատական պաշտպանիչ միջոցներ:
Կիրակի՝ նոյեմբերի 7-ին, մայրաքաղաքում գործող շարժական պատվաստումային կետերը չեն գործելու, ամբողջ պատվաստումային գործընթացն իրականացվելու է վերոնշյալ վայրում («Հիլլս» սպորտային համալիրում):