Ըստ «Nature Genetics» գիտական ամսագրի՝ բրիտանացի փորձագետները պարզել են՝ ինչու են կորոնավիրուսով վարակված հիվանդները հայտնվում ծանր վիճակում։ Օքսֆորդի համալսարանի գիտնականների հայտնաբերած գենը գրեթե կրկնակի մեծացնում է հիվանդության ծանր ընթացքի ռիսկը:
Մասնագետները կատարել են ընդհանուր գենոմային վերլուծություն (GWAS) եւ բացահայտել 3p21.31 քրոմոսոմային տարածքը, որը կապված է ՔՈՎԻԴ-19-ի շնչառական ուղիների չաշխատելու ռիսկի կրկնակի ավելացման հետ:
Գիտնականների պնդմամբ իրենք կիրառել են մեքենայական ուսուցման ու մոլեկուլային կենսաբանության պլատֆորմը GWAS-ի արդյունքները վերծանելու համար ու հայտնաբերել LZTFL1 համեմատաբար չուսումնասիրված գենը` որպես նման ռիսկի առաջացման պոտենցիալ պատասխանատու:
Ուսումնասիրության համաձայն՝ ռիսկային գենը հանդիպում է հարավասիական ծագում ունեցող մարդկանց 60 տոկոսի ու եվրոպացիների միայն 15 տոկոսի շրջանում: Մասամբ դրանով է բացատրվում Բրիտանիայի որոշ շրջաններում մահացության ծայրահեղ բարձր մակարդակը:
Սակայն LZTFL1 գենը չի կարելի դիտարկել որպես ՔՈՎԻԴ-19-ի շնչառական բարդությունների միակ պատճառ, քանի որ այս հարցում կարեւոր դեր ունեն նաեւ սոցիալ-տնտեսական պայմանները: