Երեկ Հալեպի ազգային գերեզմանատանը բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված երեք հալեպահայերի հիշատակին նվիրված հուշարձանը, հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթը:
Հարութ Բանոյանը, Մոսիկ Սեքլեմյանն ու Հակոբ Ասթարջյանը Հալեպից Հայաստան են եկել 2020-ի պատերազմի օրերին եւ մեկնել ռազմաճակատ: Երեքն էլ զոհվել են նոյեմբերի սկզբին՝ Շուշիի համար մղված մարտերում: Հարութ Բանոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, իսկ Մոսիկ Սեքլեմյանն ու Հակոբ Ասթարջյանը՝ «Արիության համար» մեդալով: Նշվում է, որ երեք հալեպահայերն էլ Սիրիայի պատերազմի ժամանակ մասնակցել են Հալեպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանությանը:
Հալեպում հիշատակի միջոցառմանը մասնակցել են Սիրիայի բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները, դեսպանատան աշխատակիցներ, Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ եւ մեծ թվով հալեպահայեր:
Նույն օրը Երեւանում բնակվող մի խումբ հալեպահայեր մոմավառություն են կատարել Եռաբլուրում, որտեղ հուղարկավորված են զոհված երեք հալեպահայերը:
Լուսանկարները՝ «Գանձասար»-ի