Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը ընթանում է Վրաստանի իշխանության եւ ընդդիմության բանակցությունների երրորդ փուլը: Հանդիպման միջնորդներն են այդ երկրում ԱՄՆ դեսպան Կելի Դեգնանը եւ ԵՄ դեսպան Կարլ Հարցելը։
«Վրացական երազանքից» բանակցողը խորհրդարանի նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեն է, իսկ ընդդիմադիր կուսակցությունները ներկա են առաջին դեմքերով։
Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը դեսպանների միջնորդությամբ արդեն երկու անգամ հանդիպել ու քննարկել են հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների շուրջ ունեցած տարաձայնությունները:
Ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր բոլոր ութ կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքը եւ հրաժարվում են մասնակցել նորընտիր խորհրդարանի աշխատանքին:
Այսօրվա հանդիպումից հետո պարզ կդառնա՝ ինչ զարգացումներ կլինեն Վրաստանի ներքաղաքական կյանքում, քանի որ դեկտեմբերի 11-ին, հավանաբար, կնշանակվի օրենսդիր մարմնի առաջին նիստը եւ բանակցությունների արդյունքից է կախված Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի տեսքը,-հաղորդում է Վրաստանի «Ալիք» հայկական կայքը։