Մոսկվայում ՌԴ եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովն ասել է, թե Հարավային Կովկասը կարող է վերածվել կայուն ու բարգավաճ տարածաշրջանի՝ այնտեղ ապրող բոլոր ազգերի համար։
Մինչ ՌԴ ԱԳ նախարարը նման նախադրյալներ է տեսնում, Հայաստանի նրա գործընկեր Արա Այվազյանը հոռետես է։ Ճեպազրույցի ընթացքում նա պնդել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց եւ ընդհանրապես Հարավային Կովկասից պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմերը եւ ահաբեկչական խմբավորումները:
«Թուրքիան՝ որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ եւ ոգեշնչող այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները`ստիպելու համար Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը». ասել է Այվազյանը։
Նա միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ, ըստ հավաստի տեղեկությունների, Ադրբեջանը ծրագրում է «ընդլայնել զինյալ ահաբեկիչների եւ վարձկանների տարածման աշխարհագրությունը եւ նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները»։