Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան գյուղում «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի ունեցան հանրային լսումներ «Լոռիբերդ» փոքր հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) կառուցման նախագծի վերաբերյալ:
Ներկայացված տվյալների համաձայն՝ նախատեսվող ՀԷԿ-ի հզորությունը կկազմի 26,7 ՄՎտ, տարեկան այն կարտադրի 110 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Այն կարող է լինել երկրորդը «ՁորաՀԷԿ»-ից հետո, որի դրվածքային հզորությունը (26 Մվտ) գերազանցում է փոքր ՀԷԿ-երի համար միջազգայնորեն նախատեսված 10 ՄՎտ (բացառիկ դեպքերում՝ 15 ՄՎտ) առավելագույն շեմը (ՁորաՀԷԿ-ի մասին նյութում մանրամասն ներկայացրել էինք, թե ինչու եւ ինչ խարդախությամբ է փոքր ՀԷԿ-երի շեմը բարձրացվել մինչեւ 30 ՄՎտ, որը հակասում է միջազգային բոլոր չափորոշիչներին):
Հաշվի առնելով «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագիտական խմբի առաջարկները՝ շրջակա միջավայրի նախարարությունն այս տարվա մայիսին Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հրապարակել էր կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ: Դրանում առաջարկվում է նվազեցնել փոքր ՀԷԿ-երի դրվածքային հզորության շեմը՝ 30 ՄՎտ-ից իջեցնելով 10 ՄՎտ: Նախագիծը, սակայն, դեռես չի ընդունվել:
«ՁորաՀԷԿ»-ից բացի՝ այս պահին Ձորագետի վրա շահագործվում է 3 փոքր ՀԷԿ:
Վերադառնանք նախատեսվող նոր՝ «Լոռիբերդ» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծին, որի վերաբերյալ Կուրթանում տեղի ունեցան հանրային լսումներ: Կուրթանն, ի դեպ, երկրորդ ազդակիր բնակավայրն է, որտեղ հանրային լսումներ էին տեղի ունենում, նախորդը հոկտեմբերի 21-ին Լոռի Բերդ համայնքում էր:
Այս նախագծի իրագործմամբ հնարավոր է ազդեցություն կրեն երեք խոշորացված համայնքներ՝ Ստեփանավանը, Լոռի Բերդն ու Գյուլագարակը: Ըստ նախաձեռնողների՝ նշված համայնքների ոչ բոլոր բնակավայրերն են սակայն ազդակիր: Ինչն այնքան էլ տեղաբնակների սրտով չէ: Օրինակ՝ Վարդաբլուրի եւ Գյուլագարակի բնակիչները կարծում են, որ իրենք էլ կարող են տուժել ՀԷԿ-ի գործարկումից, քանի որ, ինչպես Կուրթանը, գտնվում են նույն գետի ափին, օգտվում նույն էկոհամակարգից, ոռոգման նպատակով օգտագործում են նույն գետի ջրերը եւ այլն:
Հասարակության հետ հանդիպումը բավական թեժ անցավ: Բացի Կուրթան եւ հարեւան բնակավայրերի բնակիչներից ու նախաձեռնող ընկերության ներկայացուցիչներից՝ ներկա էին նաեւ Գյուլագարակ համայնքի ղեկավարը, հասարակական կազմակերպությունների փորձագետներ, լրագրողներ:
Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրին, որ ՀԷԿ-ի խողովակները գետնի տակով են անցնելու՝ վնաս չհասցնելով միջավայրին, նվազեցնելով հնարավոր վթարների վտանգը: Թե ինչ վնասներ կարող է հասցնել այն, որ գետի ջրի ավելի քան 60 տոկոսը հոսի խողովակների միջով, ընկերության ներկայացուցիչները չներկայացրին՝ պատճառաբանելով, որ հնարավոր վնասների մասին կարող են խոսել հաջորդ փուլում, երբ համայնքներն իրենց համաձայնությամբ հնարավորություն տան ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) գործընթաց սկսելու: Փոխարենը նրանք շեշտեցին սոցիալական ծրագրերի մասին, որոնց իրականացման համար պատրաստ են հուշագրեր կնքելու ազդակիր համայնքների հետ, վերհանելու կարիքներն ու ծրագրերի իրականացման հստակ ժամանակացույց կազմելու:
Վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանի 125 փոքր ՀԷԿ-երի հետազոտությամբ զբաղված «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն ասաց, որ հուշագրերը իրավական ուժ չունեն: Բացի այդ՝ իրենք այս առումով դաժան փորձ ունեն, երբ խոստումները մնում են թղթի վրա կամ համարժեք չեն լինում իրական վնասներին:
«Արգիճի ՀԷԿ-ի խողովակները 5 անգամ վթարվել են՝ փչացնելով գյուղատնտեսական հողերն ու բերքը: Կարտոֆիլի ամբողջ բերքի ոչնչացման համար գիտե՞ք ինչքան փոխհատուցում են տվել ամեն մեկին: 40000 դրամ»,- օրինակ բերեց տիկին Զարաֆյանը՝ հետաքրքրվելով, թե ընկերությունը պատրա՞ստ է, արդյոք, ապահովագրելու բնակիչների հողերը եւ ունեցվածքը, օրինակ, երբ երաշտը մեղմելու համար ոռոգման ջուր չլինի:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պահանջեցին հանրությանը տեղեկացնել հնարավոր վտանգների մասին, քանի որ համայնքում շատ քիչ մարդիկ կամ մասնագետներ կան, որ հասկանում են բնապահպանական վնասներից:
ՀԷԿ-ը նախագծող ընկերության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը հավաստիացրեց, որ իրենք արհեստավարժ թիմ ունեն եւ թույլ չեն տա՝ վատ բան կառուցվի: Նախաձեռնող ընկերության ներկայացուցիչ Արմեն Նավասարդյանն էլ ասաց, թե դեռ վաղ է խոսել հնարավոր վտանգների մասին, քանի որ իրենք դրանք դեռ չեն հաշվարկել:
Թեեւ բնակիչները տարակարծիք էին, բայց լսումները կայացան: Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի կարծիքով ՏԻՄ-ն առնվազն երեք հիմնավոր պատճառ ունի թույլտվություն չտալու համար:
«Նախ դժվար է ասել, թե համայնքի բնակիչների որ մասն է համաձայն, որը՝ ոչ, ամեն դեպքում նրանք չստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Երբ բնակիչներն ու փորձագետները հարց էին ուղղում, թե ինչ ռիսկեր կան, ասում էին՝ չենք կարող ասել: Ինչպե՞ս կարելի է գոնե նախնական, տեսականորեն չունենալ պատկերը: Փաստորեն միջավայրին սպառնում է անկանխատեսելի էկոլոգիական իրավիճակ: Սոցիալական ծրագրերից էին խոսում, բայց օդում, ոչ մի հստակ բան»,- ասաց Դուլգարյանը:
Զրուցեցինք նաեւ Կուրթանի ակտիվ երիտասարդական խմբի անդամ Իրինա Սինդոյանի հետ, նա դասից հետո շտապել էր մասնակցելու հանրային լսումներին, քանի որ մտահոգ է իր գյուղի ճակատագրով: Իրինան ընկերների հետ հիմնել է «Դբա մուտ» զբոսաշրջային ընկերությունը, որպես համայնքային ուղեկցորդ վերապատրաստվել «Վանաձորի Ինֆո տուն» կազմակերպությունում:
Այժմ աշխատում է, արշավներ իրականացնում, առայժմ կամավորական հիմունքներով: Բայց մեծ մտադրություններ ունեն Կուրթանն աշխարհին վայելուչ ներկայացնելու եւ գումար վաստակելու առումով:
Կուրթանի ակտիվ երիտասարդները նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ECOserve ծրագրի իրազեկման բաղադրիչի շրջանակում են վերապատրաստում անցել, դիմել են «Էներգաարդյունավետ համայնք» մրցույթին ու վրանային էկո-ճամբար հիմնելու աջակցություն ստացել: Գարնանը կբացեն ճամբարը, կգործարկեն իրենց իսկ գծած արշավային երթուղիները, որոնցում գետակն իր ուրույն տեղն ունի:
«Ինձ համար ահավոր է, որ ՀԷԿ-ը կառուցվի: Ասում են՝ գետի տակով է անցնելու խողովակը, վնաս չի տա: Բայց մեզ վրա էլ է ազդելու, բնության վրա էլ: Մեր հայկական Թաիլանդ (նկատի ունի Ձորագետի կիրճը) շատ զբոսաշրջիկներ են գալիս, կփակվի այս ուղղությունը»,- ասաց Իրինան:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։