Փետրվարի 20-ին նոր սահմանադրության նախագիծը դրվեց հանրաքվեի։ Մինչ այդ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցությունը եւ Հայկ Խանումյանը դեմ էին քվեարկել հանրաքվեի անցկացմանը, բայց Դաշնակցությունը «ոչ»-ի փաստացի քարոզարշավ չիրականացրեց։ Քվեարկության իրավունք ունեցող 100 հազար քաղաքացիներից ընտրական տեղամաս ներկայացավ 79428-ը։
Սահմանադրության նոր նախագծին «կողմ» էր մասնակիցների 90,05, «դեմ»՝ 9,95 տոկոսը, իսկ 2172 քվե ճանաչվեց անվավեր։ Այսպիսով՝ արցախցիների ավելի քան 10 տոկոսն այս կամ այն կերպ դեմ արտահայտվեց նոր սահմանադրությանը։
Ընդդիմադիր Հայկ Խանումյանը բազմիցս հայտարարեց, որ նոր սահմանադրությունն ընդունվում է, որ «երկարաձգվի Բակո Սահակյանի իշխանությունը, նրան տրվում է մինչեւ 2030 թվականը պաշտոնավարելու հնարավորություն»։ Որոշ մեկնաբանություններում տեսակետ արտահայտվեց, որ Բակո Սահակյանի երրորդ ժամկետով պաշտոնավարումը «փորձնական է, այդ կերպ շոշափվում է հանրային տրամադրություն, թե ինչպես կընկալվի, եթե նախագահական լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը վարչաչեպի պաշտոնում շարունակի մնալ Հայաստանի փաստացի առաջնորդ»։
Միանշանակ հերքել կամ հաստատել այդ եւ այլ տպավորությունները, գոնե այսօրվա հեռվից, անիմաստ է թվում։ Ներարցախյան դասավորումների իմաստով առավել էական է, որ նոր սահմանադրությամբ լուծարվեց վարչապետի պաշտոնը, որը վերջին տասը տարիներին անընդմեջ զբաղեցրել էր «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը՝ Ազգային ժողովում ունենալով ամենամեծ պատգամավորական խմբակցությունը։
Ազգային ժողովում լիազորությունների եռամյա ժամկետով նախագահի ընտրությունից պարզ դարձավ, որ իշխանությունը քաղաքական համաձայնության մեջ է «Շարժում 88» կուսակցության հետ, որի առաջնորդ Էդուարդ Աղաբեկյանը համաձայնեց լինել Բակո Սահակյանի «մրցակիցը», թեեւ քվեարկության արդյունքները կանխորոշված էին։ Բակո Սակակյանը պաշտոնը ստանձնեց սեպտեմբերին։ Արտաքին գործերի նախարար նշանակվեց Մասիս Մայիլյանը, Վիտալի Բալասանյանին բաժին ընկավ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը նշանակվեց պետական նախարար։
Նոր կառավարության ձեւավորումից կարճ ժամանակ անց Ստեփանակերտը կտրուկ փոխեց ԼՂ կարգավորման շուրջ դիսկուրսի տոնայնությունը։ Ընդ որում՝ ոչ թե քաղաքական ուժերի կամ խորհրդարանական խմբակցությունների մակարդակով, մի բան, որ նախկինում էլ երբեմն տեղի էր ունենում, այլ ուղղակի արտաքին գործերի նախարարի նախաձեռնությամբ։ Ընդհանուր մոտեցումն այն էր, որ «մադրիդյան սկզբունքները ոչ թե խաղաղության են տանում, այլ նոր պատերազմի»։ Արդեն տարեվերջին Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրվեց Մասիս Մայիլյանի հարցազրույցը «Շարղ» իրանական թերթին։
Ինչո՞ւ էր իրանական լրատվամիջոցին հետաքրքրում Արցախի արտաքին գործերի նորանշանակ նախարարի անձը եւ ԼՂ կարգավորման, տարածաշրջանում ուժերի հարաբերակցության եւ համագործակցության վերաբերյալ նրա պատկերացումները։ Իրանը ոչ միայն Մինսկի խմբի համանախագահ, այլեւ Մինսկի ենթադրյալ խորհրդաժողովի անդամ երկիր չէ։ Ավելին՝ հենց այդ շրջանում էին աշխուժացել Բաքու-Թեհրան կապերը՝ որոշակիորեն ներառելով նաեւ ռազմական համագործակցության ոլորտը։
Ավելի վաղ Իրանը եւ Ադրբեջանը Խուդափերինի ջրամբարի եւ հէկ-ի կառուցման եւ համատեղ շահագործման համաձայնագիր էին ստորագրել, Իրանն արտոնել էր ադրբեջանցի մասնագետների մուտքը Արցախի հետ սահմանակից տարածքներ՝ կատարելու գեոդեզիական եւ ինժեներա-տեխնիկական հետազոտություններ։ Այս պայմաններում «Շարղ»-ին Մասիս Մայիլյանի հարցազրույցի տոնայնությունը, քաղաքական որոշակի ձեւակերպումներն առնվազն տարակուսելի են։
Հարցին, թե ինչ զիջումների է պատրաստ Արցախը՝ Բաքվի հետ խաղաղության հնարավոր համաձայնության շրջանակում, Մասիս Մայիլյանը տալիս էր այս պատասխանը․ «Այսօրվա մեր պետական սահմանները պատմական Արցախից դուրս չեն գտնվում։ Հարկ է նշել նաեւ, որ Արցախի Հանրապետության մի շարք տարածքներ, օրինակ՝ Շահումյանի շրջանը, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների մի մասը, որոնք կազմում են հանրապետության տարածքի մոտավորապես 15 տոկոսը, մինչ օրս օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Արցախի իրավազորության տակ գտնվող տարածքներն ամրագրված են համաժողովրդական հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, որն արտահայտում է մեր ժողովրդի կամքը։
Այսինքն՝ ե՛ւ մայրաքաղաք Ստեփանակերտում, ե՛ւ, ասենք, Արաքսի ձախ ափին գործում է նույն օրենսդրությունը, նույն իրավական դաշտը, որեւէ տարբերություն չկա»։ Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքում հարցազրույցը տեղադրվել է 2017 թվականի դեկտեմբերի 5-ին։ Որտեղի՞ց Մասիս Մայիլյանին նման ինքնավստահություն, որտեղի՞ց նրան երաշխիք, որ իրանական լրատվամիջոցը պարզապես տեղեկատվական «զոնդաժ» չի իրականացնում։
Հինգ ամիս անց Երեւանում իրավիճակը «պայթեց»։ 2019-ի օգոստոսի 5-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի կենտրոնական հրապարակի բազմամարդ հանրահավաքին հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», կառավարական հարթակին կանգնած էր նաեւ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։