ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի հայտարարության մեկ տարվան:
Փրայսը նշել է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Հարավային Կովկասում հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ տեղի ունեցած 44-օրյա թեժ ռազմական գործողությունների ավարտը ազդարարած հրադադարի մասին հայտարարության ստորագրման մեկ տարին։
«Մենք խորապես ցավակցում եւ մեր զորակցությունն ենք հայտնում անցած տարվա ռազմական գործողությունների զոհերի ու վիրավորների ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում վերադարձնելու բոլոր պահվող անձանց, լիարժեք հաշվետու լինելու անհետ կորածների համար, ապահովելու տեղահանվածների կամավոր վերադարձն իրենց տներ, իրականացնելու ընդգրկուն հումանիտար ականազերծում հակամարտության ազդակիր տարածքներում եւ կարիքավորների հետ աշխատելու հասանելիություն ապահովելու միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար»,- ընդգծել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Փրայսը շեշտել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգ, կայուն, բարեկեցիկ ու խաղաղ ապագա կերտելուն աջակցելու իր հանձնառությանը։
«Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնն այս օրերին տարածաշրջանում է՝ բոլոր երեք երկրների հետ քննության առնելու մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր եւ դիտարկելու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Մենք Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ այդ հակամարտությունից բխող դեռեւս չլուծված հարցերին համապարփակ լուծումներ գտնելու ուղղությամբ շարունակել ու առավել մեծացնել ջանքերի գործադրումը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։