Ըստ Արցախի դատախազության տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն Արցախի քաղաքացուն սպանության, հաշվեհարդարի սպառնալիքներ են ուղղել։
Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների՝ համացանցային տիրույթում արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ ու որակ են ստացել։ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձում են ներգրավել տարբեր գործընթացներում` նպատակ հետապնդելով նրանցից տեղեկություններ ստանալ։
«Երեկ Արցախի դատախազություն է ներկայացվել հաղորդում, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցցանցում ակտիվություն ցուցաբերող Արցախի քաղաքացուն նույն ցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ։ Այդ ընթացքում արցախցու մասին ներկայացրել են այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են ԱՀ քաղաքացու վերաբերյալ նախապես անհատական տվյալներ հավաքագրելու մասին»,– նշված է Արցախի դատախազության հաղորդագրության մեջ:
Հաղորդումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Դատախազությունը հորդորել է զերծ մնալ սոցցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց: