Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրամիությանն առաջարկել է օգնել Բելառուսին միգրանտների հարցում այնպես, ինչպես Թուրքիային էր օգնում նման իրավիճակում:
Նախարարը հիշեցրել է, որ երբ փախստականները Թուրքիայից մեկնում էին ԵՄ, Բրյուսելը ֆինանսավորում էր հատկացնում, որ նրանք մնան Թուրքիայի տարածքում։ Ինչու չի կարելի օգնել նաեւ Բելառուսին, որ երկիրը կարողանա փախստականների համար նորմալ պայմաններ ապահովել։
«Չի կարելի տարբեր մոտեցումներ ու տարբեր ստանդարտներ կիրառել, ասենք, Իտալիայի ու Լեհաստանի նկատմամբ, երբ Բրյուսելում դիտարկվում է, թե ինչպես են Վարշավան ու Հռոմն իրենց պահում այդ երկրներ մեկնող միգրանտների հոսքի նկատմամբ»,- ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ նշել է, որ բելառուսա-լեհական ու բելառուսա-լիտվական սահմանների միգրացիոն ճգնաժամը պետք է կարգավորվի միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանմամբ:
Բելառուսի պետական սահմանային կոմիտեն նոյեմբերի 8-ին հայտնել էր, որ Ասիայի ու Աֆրիկայի երկրներից փախստականների մեծաթիվ խումբ է ուղեւորվել Լեհաստանի հետ Բելառուսի սահմանի ուղղությամբ: Երեկոյան գերատեսչությունում ասել էին, որ փախստականներին առնչվող իրադրությունը Լեհաստանի հետ սահմանին դեռևս ծայրահեղ լարված է։ Լեհական սահմանային պատնեշների առջեւ կանգ են առել ավելի քան 2 հազար փախստականներ, որոնց թվում՝ զգալի թվով կանայք ու երեխաներ: Լեհ ուժայինները չեն թողել, որ նրանք մուտք գործեն երկիր։
Լիտվան, Լատվիան ու Լեհաստանը վերջերս հաճախ են հաղորդում Բելառուսի հետ սահմանին ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամ ստեղծելու համար: Մինսկը հերքում է բոլոր մեղադրանքները։
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Լեհաստանի նախագահը Բելառուսի հետ սահմանակից տարածքներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել, սահմանի պահպանությանը ներգրավված են բանակն ու ոստիկանությունը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Մինսկն այլեւս չի զսպի անօրինական միգրանտների հոսքը ԵՄ երկրներ․ Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով «ո՛չ փող կա, ո՛չ ուժ»։ Բելառուսի սահմանապահները բազմիցս հայտարարել են Լիտվայից, Լեհաստանից ու Լատվիայից միգրանտներին բելառուսական տարածք արտաքսելու մասին: