Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ գերիների հայրենադարձման թեման ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի ղեկավարության, խաղաղապահների մշտապես ուշադրության կենտրոնում է։ Ռուսաստանը կշարունակի աշխատել Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ։
Դեսպան Կոպիրկինը նշել է, որ գերիների վերադարձի հարցը առաջնահերթություններից է, եւ Մոսկվան կշարունակի զբաղվել դրանով։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը միշտ պաշտպանել է «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման սկզբունքը՝ հույս հայտնելով, որ խնդիրը կլուծվի:
Հայաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը 3788 է։ 2021-ի հոկտեմբերի 4-ի դրությամբ 224 զինվորականի եւ 22 քաղաքացիական անձի ճակատագիր դեռևս անհայտ է։ Զինադադարի կնքումից ի վեր Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել 113 գերիների։