Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեդքլիֆը հայտարարել է, որ Չինաստանը մեծ սպառնալիք է Միացյալ Նահանգների տնտեսության, ռազմական ոլորտի եւ տեխնոլոգիաների բնագավառի համար:
Միեւնույն ժամանակ Ռեդքլիֆն ընդգծել է, որ Ռուսաստանը Չինաստանի համեմատ այնքան էլ ուժեղ մրցակից չէ ԱՄՆ-ի համար:
«Չինաստանը տնտեսության մակարդակով երկրորդն է աշխարհում, մինչդեռ Ռուսաստանն անգամ առաջին տասնյակում չէ: Իտալիայի, Բրազիլիայի եւ նույնիսկ Թեքսասի նահանգի տնտեսությունն ավելի հզոր է, քան Ռուսաստանինը»,-նշել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը։
Դեռեւս այս տարվա սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն էր նման համոզմունք հայտնել՝ շեշտելով, որ Չինաստանն ավելի լուրջ սպառնալիք է ԱՄՆ-ի համաշխարհային տիրապետության համար, քան Ռուսաստանը: Իսկ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը, CNN-ով ելույթ ունենալիս՝ նշել էր, որ ՉԺՀ-ն առավել ակտիվ է փորձում ազդել ամերիկյան ընտրությունների վրա, քան Ռուսաստանը: