2021 թվականի նոյեմբերի 8-ին Zham.am կայքը հրապարակել է ԵԿՄ անդամ Դավիթ Մկրտչյանի «Ինչո՞ւ է ղարաբաղցի այս գործիչը ծառայում Ադրբեջանի շահերին եւ ի՞նչ նպատակով» հոդվածը, որում «Ալիք Մեդիայի» սյունակագիր Վահրամ Աթանեսյանին վերագրել է Ադրբեջանի օգտին գործունեություն, եզրակացրել, որ 44-օրյա պատերազմում պարտության պատճառներից մեկն էլ դա է, եւ ավարտել «այդ կեղտը մաքրելու» սպառնալիքով։
Վահրամ Աթանեսյանը դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին, Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանին՝ այս գերատեսչությունների ուշադրությունը հրավիրելով հոդվածի՝ 37 թվականի մատնագիր հիշեցնող ոճի եւ բովանդակության վրա։
Տեղեկացնեմ, որ եղել եմ առաջին գումարման ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, լրատվության, ապա՝ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի անդամ, ԼՂՀ Լրատվության եւ մամուլի դեպարտամենտի բաժնի պետ, 1995-1996 թվականներին՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի «Մարտիկ թերթի» խմբագիր, այնուհետեւ՝ «ԼՂ հանրապետություն» թերթի աշխատակից, բաժնի խմբագիր, 1998-2000 թվականներին՝ «Ազատություն» ռադիոկայանի Ստեփանակերտի թղթակից։
2000-2015 թվականներին երեք անգամ ընտրվել եմ Արցախի ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ Այդ տարիներին աշխատակցել եմ «Ազատ Արցախ», «Ազգ» եւ «Հրապարակ» թերթերին, բազմիցս հարցազրույցներ եմ տվել տեղական եւ երեւանյան լրատվամիջոցներին, հրապարակել հարյուրավոր հոդվածներ։ Մշտապես գործել եմ բաց, չեմ թաքցրել եւ չեմ թաքցնում քաղաքական հայացքներս։
Այդ տարիներին, ինչպես եւ 2015-ի պաշտոնաթողությունից ու քաղաքական ասպարեզից հեռանալուց հետո առայսօր ադրբեջանական կողմի հետ միակ շփումս եղել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակության կազմում Շոտլանդիա մեկնելը։ Մասնակցել եմ բրիտանական «Links» ոչ կառավարական կազմակերպության հովանու ներքո անցկացվող «Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնություն» միջոցառմանը՝ հայկական կողմից փորձագետի կարգավիճակով։
Արտասահմանյան այլ ուղեւորություններիս մասին, որ ընդամենը երեքն են եւ բացառապես անձնական բնույթի, համապատասխան տեղեկություն կարելի է ստանալ սահմանային անցակետերից․ մեկ անգամ «Զվարթնոց» օդանավակայանից թռել եմ Մոսկվա, երկու անգամ՝ հատել հայ-վրացական ցամաքային սահմանը։
Խնդրում եմ օրենքով սահմանված կարգով հիշյալ հոդվածի հեղինակին հրավիրել ԱԱԾ եւ առաջարկել, որ ներկայացնի հօգուտ Ադրբեջանի իմ գործունեությունը, թեկուզ ենթադրաբար, հաստատող գեթ մեկ փաստ։
Սա ոչ այնքան անձնական, որքան պետական կարեւորության խնդիր է, այլապես տպավորություն կստեղծվի, որ տասնհինգ տարի քաղաքական պաշտոն զբաղեցնելով՝ գործել եմ հօգուտ թշնամու, մինչդեռ ոչ հայկական երկու պետությունների ղեկավարությունները, ոչ պատկան մարմինները դա չեն նկատել, չեն կանխել եւ ինձ պատասխանատվության չեն ենթարկել։ Դա նսեմացնում է ՀՀ եւ ԱՀ պետական համակարգերի, այդ թվում՝ Ձեր գլխավորած, մարմինների նշանակությունն ու դերը։
Հույս ունեմ, որ դիմումս պատշաճ ուշադրության կարժանանա։
Հարգանքով՝
Վահրամ Աթանեսյան
Արցախի Հանրապետություն, ք․ Ստեփանակերտ, Մաշտոցի 2/4
Հեռախոս՝ 097 28 09 09