Աշխատող քաղաքացիների պարտադիր պատվաստվելու կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջն է մեծացրել պատվաստվել ցանկացող քաղաքացիների թիվը։ Այսպես են կարծում բժիշկները եւ առողջապահության ոլորտի մասնագետները, թեեւ Հայաստանը պատվաստվածների թվով դեռ շարունակում է զիջել տարածաշրջանի բոլոր երկրներին։
Պարտադիրի պահանջը, պարզվում է, նաեւ հակառակ ազդեցությունն է ունեցել․ մարդիկ կան, որ ստիպելու եւ փակուղի ստեղծելու հանգամանքից են վրդովված։ «Մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,- ասում է Ալավերդու բնակիչ, Գեղարվեստի դպրոցի տնօրեն Վարուժան Վարդումյանը, որն իր աշխատակազմին չի պարտադրել պատվաստվել կամ թեստի արդյունք ներկայացնել։ Նույնը՝ դիմակ կրելու հարցում․ ով ինչպես ուզում է։
«Եվրոպական խորհրդի 2361-րդ բանաձեւի 7․3․1-ին կետում ասվում է, որ քաղաքացիներին պետք է տեղյակ պահել, որ ոչ մի դեպքում պարտադրել չի կարելի։ Իրենք պատվաստմանը կողմնակից են, բայց որ դա լինի կամավոր։ Իսկ 7․3․2-րդ կետը ասում է, որ խտրականություն չի կարելի դնել։ Այսինքն՝ ոչ ոք իրավունք չունի՝ քեզ չթողնի, որ գործի գնաս, ինչ է թե պատվաստված չես։ Ես վիրուսի գոյությունը հերքել չեմ կարող, որովհետեւ մասնագետ չեմ, բայց ինձ անհանգստացնում է ինֆորմացիայի ուռճացվածությունը, մարդկանց հոգեկանի վրա գործադրվող ճնշումները՝ թվերի տեսքով։ Ցանկացած վիրուսից մարդիկ ե՛ւ բուժվում են, ե՛ւ մահանում։ Ես ոչ թե դեմ արշավ եմ անում ու ասում չպատվաստվել, այլ երեւույթներն իրար կողքի եմ դնում, վերլուծում ու կիսվում, որ մարդիկ իմանան, եւ ամեն մեկն ինքը որոշի, թե ինչ անի»,- ասում է Վարուժան Վարդումյանը։
Նրա կարծիքով անտրամաբանական է 14 օրը մեկ թեստ հանձնելը, եթե դա անելուց երկու օր անց, օրինակ, կարող ես վարակվել, հիվանդությունը անախտանիշ ընթացք ունենա, եւ հեշտությամբ վարակես մարդկանց։ Եթե իսկապես ժողովրդի առողջության մասին է մտածում պետությունը, ապա ինչո՞ւ թեստը մատչելի կամ անվճար չի դարձնում, որ հնարավոր լինի թեկուզ ամեն օր թեստավորվել, հարցնում է։
Դեռեւս մեկ ամիս առաջ Վարուժան Վարդումյանը միացել էր «Ազատ կամք» նախաձեռնության կողմից իրականացված պատվաստման պարտադրմանը դեմ ստորագրահավաքին եւ Ալավերդիում նույնպես իրականացրել այդ գործընթացը։
«Ես կամավոր միացել եմ, նախաձեռնել տեղում, մի քանի օրում մոտ 60 ստորագրություն հավաքեցի։ Դա դեմ էր պարտադիր բաղադրիչին։ Եթե մարդիկ համատարած չվախենան, տեր կանգնեն իրենց իրավունքներին, հասկանան, որ պատվաստվելը յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված որոշումը պետք է լինի, այլ ոչ թե պարտադրանք, ապա ո՞վ կարող է աշխատանքից հանելով վախեցնել։ Մեր դպրոցում երկու հոգի պատվաստված ունենք, երկուսն էլ թեստ են հանձնել, իրենց կամքով, պարտադրանք չկա եւ չի լինելու»,- նշում է Վարդումյանը։
Ալավերդու մեկ այլ բնակիչ, հոգեբան Նարինե Մուրադյանը նույնպես կարծում է, որ պատվաստումը եթե չպարտադրվեր, մարդիկ գուցե ինքնակամ ավելի հեշտ գնային այդ քայլին։ Նա պատվաստվել դեռեւս չի շտապում։ Ասում է՝ ժամանակ է պետք մտածելու եւ պատրաստ լինելու համար։
Նարինե Մուրադյանն իր գործատուին 14 օրը մեկ թեստի արդյունք է ներկայացրել, ինչը նրա համար ոչ շահավետ է։ Հատկապես որ թեստավորման գործում էլ, ըստ նրա, ամեն բան հարթ չէ։
«Հիվանդ էի, ջերմություն ու մնացած այլ սիմպտոմներով գնացի թերապեւտիս մոտ։ Ուղղորդեցին թեստավորման՝ պետպատվերի շրջանակում։ Պատասխանը, բարեբախտաբար, բացասական եկավ։ Մեկ-երկու օր անց գործատուիս պետք է ներկայացնեի թեստի պատասխանը, մտածեցի, որ կարելի է նաեւ միանգամից դա ներկայացնել։ Բայց ինձ պատասխանը չտվեցին՝ պատճառաբանելով, որ միայն դրականի դեպքում են տալիս։ Գնացի հիվանդանոցի գլխավոր մասնագետի մոտ, հրաժարվեց տալուց՝ ասելով, որ նախարարությունից հրահանգ ունեն միայն դրական պատասխանը տրամադրել հիվանդին։ Զանգեցի թեժ գիծ, ասացին, որ կապ չունի՝ պետպատվերով է թեստը, թե վճարովի, պատասխանը պիտի տան հիվանդին։ Դիմեցի հիվանդանոցի տնօրենին եւ ստացա նույն պատասխանը՝ հրահանգ կա չտալու»,- պատմում է Նարինե Մուրադյանն ու նշում, որ անգամ հիվանդանոցի տնօրենի ներկայությամբ է առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամարին զանգել ու հեռախոսը փոխանցել տնօրենին։ Իրար խառնված անջատեցին հեռախոսը, պատմում է Նարինեն։
Չնայած բոլոր ջանքերին՝ նա այդպես էլ չի կարողացել ստանալ իր թեստի պատասխանը։ Կարծում է՝ խնդիրը նախարարությունում է․ հիվանդին մի բան են ասում, հիվանդանոցներին՝ մեկ այլ բան։ Վերջիններն էլ հրահանգ են կատարում՝ չտալով թեստի պատասխանը։
«Վճարովի թեստավորվելու դեպքում էլ այլ խնդիր է։ Իմ շրջապատում կան մարդիկ, որոնք թեստ էին հանձնել եւ 3-4 օր պատասխանի էին սպասում։ Ստացվում է, որ կարեւորը ոչ թե վիրուսի կանխարգելումն է, այլ զուտ գումարը տալ, թեստ անել, պատասխանն էլ երբ կլինի՝ կլինի»,- սրտնեղած ասում է քաղաքացին։
Ալավերդու բժշկական կենտրոնի պատվաստումային կաբինետի պատասխանատու, մանկաբույժ Անուշ Ղալայանը Հայաստանում պատվաստման գործընթացը որպես պարտադրանք չի դիտարկում՝ նշելով, որ պարտադիր ասվածը Հայաստանի քաղաքացիների դեպքում չի գործում։
«Երբ պարտադրվում էր, որ պիտի դիմակ կրեին, ոչ ոք չէր կրում: Երբ ոստիկանին տեսնում էին, միայն այդ ժամանակ էին դնում դիմակը։ Այսինքն՝ պարտադրանքը մեր կյանքում բան չի փոխում։ Բոլոր տեսակի պատվաստումները միշտ եղել են կամավոր։ Հիմա մարդկանց տվել են հնարավորություն՝ կարող ես աշխատանքից դուրս գալ, կարող ես թեստ հանձնել կամ պատվաստվել։ Միշտ չէ, որ մարդիկ ընտրելու հնարավորություն են ունենում եւ հաճախ փաստի առաջ են կանգնում»,- ասում է իմունիզացիայի պատասխանատու բժիշկը եւ ավելացնում՝ եթե մարդը գիտակցաբար չի մտածում իր առողջության մասին, ապա պետք է որեւէ այլ գործիք կիրառվի։
Ալավերդիում կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը մեկնարկել է 2021 թվականի ապրիլից։ Սկզբում քաղաքացիները պասիվ են եղել կամ ընդհանրապես հրաժարվել են պատվաստումից, ինչն, ըստ Անուշ Ղալայանի, տարբեր աղբյուրներից ունեցած ոչ ճիշտ տեղեկության արդյունք էր։ Հիմա պատկերը փոխվել է․ պատվաստվել ցանկացողները շատ են։
«Այսօր հստակ չէ միայն վակցինաների մատակարարումը։ Սահուն չենք ստանում, լինում է, որ մեկը կա, մյուսը չկա, մեկից շատ կա, մյուսից՝ քիչ։ Ամբողջ աշխարհում պահանջարկն ու արտադրությունն իրար չեն համապատասխանում, եւ դժվար է այն ձեռք բերելը։ Այդ պահին որը առաջարկում ենք, ներկայացնում ենք դրա արդյունավետությունը, անվտանգությունը։ Բոլորն էլ ունեն կողմնակի երեւույթներ՝ ընդհանուր թուլություն, քրտնարտադրություն, ջերմության բարձրացում, շնչական համակարգի թեթեւ բորբոքումներ։ Դրանք երեւույթներ են, որ անցնում են առանց միջամտության, 2-3 օրվա ընթացքում։ Եվ դա համեմատել կորոնավիրուսով հիվանդ լինելու կամ մեծ թվով մահերի հետ, պարզապես չի կարելի»,- ասում է Անուշ Ղալայանը։
Նոյեմբերի 8-ի դրությամբ Ալավերդու բժշկական կենտրոնում առաջնային դեղաչափով պատվաստում է ստացել 2902, իսկ երկրորդային դեղաչափով՝ 1369 քաղաքացի։ Հաշվի առնելով քաղաքի մշտական բնակչության թիվը (12․315)՝ պատվաստվածների նման ցուցանիշը հիվանդանոցում լավ արդյունք են համարում։ Թեպետ նպատակը ազգաբնակչության 70-80 տոկոսին պատվաստելն է: «Միայն այդ դեպքում կկարողանանք վիրուսի շրջանառությունը կանխել»,- կարծում է Անուշ Ղալայանը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։