ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ 2022-ի հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով։
Բացառություն կկազմեն այն կենսաթոշակառուները, որոնց կենսաթոշակը կվճարվի իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Մասանավորապես 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները, 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները եւ լիազորագրով կենսաթոշակ ստացողները:
Այսպիսով՝ բոլոր այն քաղաքաբնակ կենսաթոշակառուները, ովքեր կենսաթոշակը ստանում են կանխիկ եղանակով եւ բացառությունների խմբում չեն, արդեն իսկ կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ ընտրելով անկանխիկ եղանակով կենսաթոշակը վճարող կազմակերպություն (որեւէ բանկ կամ Հայփոստ)․ դիմելու վերջնաժամկետը 2021-ի դեկտեմբերի 30-ն է։
Վճարման անկանխիկ եղանակի նշված կարգը տարածվում է նաեւ խնամքի նպաստի եւ կենսաթոշակների վճարման կարգով վճարվող՝ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, պարգեւավճարների եւ պատվովճարների վրա։