Ըստ ամերիկյան Bloomberg կայքի՝ մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի ակտիվների գինը երկու օրում 50 միլիարդ դոլարով նվազել է Tesla ընկերության բաժնետոմսերի անկման պատճառով, որն արդեն երկու օր է` շարունակվում է։
Twitter-ում Իլոն Մասկի հարցումից հետո Tesla-ի բաժնետոմսերը էժանացել են 12 տոկոսով՝ ցույց տալով տարվա սկզբից եղած ամենամեծ մեկօրյա անկումը: Նոյեմբերի 9-ի սակարկությունների փակման տվյալներով՝ Tesla-ի բաժնետոմսերը 1023,5 դոլար արժեին։
Սա Bloomberg Billionaires Index-ի պատմության մեջ ամենամեծ երկօրյա անկումն է ու ամենամեծ մեկօրյա անկումը՝ չհաշված Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի 36 միլիարդ դոլարի անկումը 2019-ին նրա ամուսնալուծությունից հետո:
Հանգստյան օրերին Մասկը Twitter-ի բաժանորդների հարցում է կազմակերպել՝ արդյո՞ք նրան չարժի վաճառել Tesla-ի բաժնետոմսերի 10 տոկոսը:
Այնուհետեւ լուրեր տարածվեցին, որ նրա եղբայրը՝ Քիմբալը, հենց հարցումից առաջ 109 միլիոն դոլարի բաժնետոմսեր է վաճառել։
Insider հրատարակությունը հաղորդել է, որ ներդրող Մայքլ Բերրին ասել է, որ Մասկը, հնարավոր է, ուզում է վաճառել բաժնետոմսերը իր անձնական պարտքերը փակելու համար:
Քվեարկության մասնակիցների մեծամասնությունը քվեարկել է բաժնետոմսերը վաճառելու օգտին։