«Երբ մարդը ձեռքը մեկնում է մյուսին օգնելու, նա դիպչում է Աստվածության դեմքին»:
Ուոլթ Ուիթմեն
Ի՞նչ անել, եթե ձեր ընկերը հայտնվել է ծանր վիճակում, եւ դուք ուզում եք օգնել նրան:
Այն, որ ուզում եք օգնել, բնական է։ Բայց այնքան էլ հեշտ չէ որոշել, թե ինչով եւ ինչպես օգնել։ Նախքան որեւէ քայլ անելը ժամանա՛կ հատկացրեք այդ մասին մտորումներին։
Օրինակ՝ կարող եք դուրս գալ զբոսանքի եւ մտածել ձեր ընկերոջ դժվարությունների մասին։ Փորձե՛ք զգալ նրան, հասկանալ, թե հատկապես ինչով եւ ինչպես կարող եք օգնել։ Տվե՛ք այդ հարցերը ինքներդ ձեզ եւ գտե՛ք պատասխանները ձեր սրտում։ Եվ մի՛ կարծեք, թե գիտեք՝ որն է նրա համար լավագույնը։
Ընկերոջն օգնելիս ձեր օգնությունը մի՛ հարկադրեք նրան։ Նեղության մեջ գտնվող մարդն արդեն ընկճված է․ նա դժվարանում է ինքնուրույն որոշումներ կայացնել։ Ու եթե դուք նրան որեւէ բան եք պարտադրում, դրանով իսկ ավելի եք դժվարացնում նրա գործը։ Սա չի վերաբերում այն դեպքերին, երբ մարդն ունակ չէ որոշումներ կայացնելու եւ, հնարավոր է, իր քայլերով վնասի ինքն իրեն կամ այլ մեկին։
Նաեւ եղե՛ք զգոն․ աննշան ժեստերն անգամ կարող են մեծ նշանակություն ունենալ դժվարության մեջ գտնվող մարդու համար։ Նման պարագաներում մարդիկ կարող են լինել շատ խոցելի եւ հեշտությամբ տրվել ազդեցությունների։
Օգնե՛ք նրան լույս տեսնելու թունելի վերջում, բայց մի՛ պարտադրեք ձեր լավատեսությունը։ Դա կարող է տպավորություն ստեղծել, թե դուք չեք հասկանում իրեն։ Այդ դեպքում նա ձեզ չի վստահի։ Իսկ անվստահությունը կարող է արժեզրկել ձեր բոլոր ջանքերը։ Կարեւոր է, որ ձեր ընկերը վստահի ձեզ։
Ընկերոջն օգնելու համար առաջին քայլը, որ պետք է անել, նրա հետ հանդիպելն է եւ նրա կողքին լինելը: Ընկերոջ կողքին գտնվելն արդեն օգնություն է, դա նրան ուժ է տալիս «մնալու ոտքի վրա»․ դուք օգնում եք նրան, եթե անգամ ոչինչ չեք ասում կամ անում:
Առավել օգտակար կլինի, եթե ձեր ընկերոջը հրավիրեք զբոսանքի: Ուղղակի քայլե՛ք միասին, ուր պատահի, եւ խոսե՛ք, ինչից պատահի: Ի վերջո զրույցը ծավալվելու է նրա ցավերի շուրջ: Թո՛ւյլ տվեք, որ նա կիսվի, պատմի իր սրտի եղածը, իսկ դուք լսե՛ք: Եվ, ընդհանրապես, ձեր հանդիպումների ժամանակ ավելի շատ լսեք, քան խոսեք։ Բացե՛ք ձեր միտքն ու սիրտը, դարձե՛ք լսողություն եւ լսե՛ք: Միայն երբեմն-երբեմն կարճ արձագանքե՛ք կամ որեւէ ճշտող հա՛րց տվեք: Ու այդպես քայլե՛ք, մինչեւ հոգնեք: Ու թողե՛ք՝ զրույցն իր հունով ընթանա:
«Ճիշտ մարդկանց հետ խորքային զրույցը հիրավի անգին է»։
Նման զրույցների ժամանակ քայլելն օգնում է չմնալու հուզական եւ զգայական նույն վիճակում: Երբ քայլում եք, նույն տեղում չեք մնում, փոխվում են պատկերները, փոխվում են նրանցից ստացած տպավորությունները: Գիտակցենք, թե ոչ, զբոսանքն օգնում է չփակվելու հին կաղապարներում ու նպաստում է նոր մտքերի ծնունդին: Եվ, ընդհանրապես, քայլելով մտորելը նպաստում է ստեղծարար մտածողությանը: Հիշենք Պլատոնին եւ նրա ստեղծած ճեմարանը, որտեղ քայլում էին եւ զրուցում՝ հաղորդ դառնալով հիմնարար բացահայտումների:
Եթե դուք իրոք ուզում եք օգնել ձեր ընկերոջը, պետք է ոչ թե ձեր իմացած «ճշմարտությունը» պնդեք, այլ ջանաք բացել զրույցի «Ստեղծագործական դաշտ», որտեղ եւ կհայտնվի լավագույն լուծումը: Դժվարության մեջ հայտնված մարդուն նախ պետք է միջավայր, որտեղ նրա հոգին կխաղաղվի, եւ հետո նոր միայն ինչ անելու խորհուրդներ տվեք: Ձեր մասնակցությամբ աջակցե՛ք այդ խաղաղ, ստեղծարար մթնոլորտի ստեղծմանը: Այդպես դուք կօգնեք նրան հայտնաբերելու իր համար իրականանալի լավագույն լուծումը:
Այդ իմաստով նման զբոսանքների ընթացքում ամենակարեւորը ձեր ներքին վիճակն է։ Եթե դուք լսում, զգում եւ ընկալում եք ձեր ընկերոջ ցավն ու խնդիրը, եւ ձեր սիրտը ցավում է նրա համար, դուք արդեն թեթեւացնում եք նրա բեռը եւ ձեր մասնակցությամբ նպաստում խաղաղ միջավայրի ձեւավորմանը։
«Մենք ծնվել ենք, որ օգնենք միմյանց՝ հաղթահարելու այն ամենն, ինչ ի վերուստ տրվում է մեզ»:
Զրույցի նման միջավայր ստեղծելու համար կարելի է գնալ նաեւ այլ ճանապարհով՝ հրավիրել ընկերոջը հաց կիսելու՝ ճաշելու կամ ընթրելու, մի քանի այլ ընկերների հետ: Ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում, «Հացը բացում է զրույցի ճամփեն»: Այս պարագայում կարեւոր է, որ մասնակիցները նույնպես տրամադրված լինեն օգնելու ընկերոջը: Միասին սրտանց կիսած հացը ստեղծում է միջավայր, որն օգնում է դժվարությունների մեջ հայտնված ընկերոջը խաղաղվելու եւ տեսնելու հնարավոր ելքեր բարդ դրությունից։
Իսկ սարեր, բնություն սիրող ընկերոջ համար լավագույն օգնությունը կլինի, եթե նրա հետ կազմակերպեք կարճ զբոսանք քաղաքից դուրս։ Ձեր ընկերոջ հետ փոքր խմբով գնացե՛ք փոքրիկ ճամփորդության։ Այցելե՛ք որեւէ հին հուշարձան։ Փառք Աստծո, դրանցից մենք շատ ունենք։ Մի փոքր դադա՛ր տվեք հենց այդ տարածքում։ Նայե՛ք այս կողմից, այն կողմից, ներսից, դրսից եւ փորձե՛ք զգալ այդ հուշարձանի շունչը։ Դա կօգնի մոտենալու խաղաղությանը։ Հետո գնացե՛ք գետի կամ աղբյուրի մոտ, սեղա՛ն գցեք եւ կիսե՛ք ձեզ հետ բերած հացը։ Բոլորովին պարտադիր չէ, որ այն ճոխ լինի։ Բավական են պարզ հացն ու պանիրը, խաշած կարտոֆիլն ու եփած ձուն։ Վերջում չմոռանաք հանգիստ նստել եւ միասին վայելել մեկական բաժակ սուրճը։
«Հիրավի, չկա կյանքում ավելի լավ բան, քան ընկերոջ օգնությունն ու երկուստեք ուրախությունը»։
Այս ամենն անելը շատ բան չի պահանջում․ բավական են օգնելու ցանկությունն ու բարի կամքը։ Ի վերջո, ինչպես նշում է Վալտեր Սքոթը, «եթե մարդիկ չսովորեն օգնել միմյանց, ապա մարդկային ցեղը կվերանա աշխարհի երեսից»։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։