Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթեւ-Աղավնո հատվածի ասֆալտապատումն ավարտվել է, եւ փաստացի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է։
Սանոսյանը նշել է, որ Սյունիքի մարզում՝ Տաթեւ-Լծեն ավտոճանապարհը, ինչպես նաեւ մի շարք համայնքներում՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, ճանապարհներ են կառուցվում։ Ըստ նախարարի՝ այս պահին կարեւորվում են նաեւ Սիսիան-Քաջարան հատվածի աշխատանքները: Սանոսյանը հավելել է, որ կառավարության որոշմամբ այդ ճանապարհի կառուցումը դիտվել է իբրեւ առաջնահերթություն։
Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթեւ-Աղավնո հատվածը որոշվել է շտապ ասֆալտապատել, երբ Ադրբեջանը սկսեց խիստ կանոններ սահմանել հայ-իրանական սահմանը հատող եւ Հայաստան մտնող իրանական բեռնատարների համար։ Ադրբեջանական կողմը բեռնատարների վարորդներից նաեւ տուրք է պահանջում։
ՀՀ Կառավարությունը դեռևս 2021-ի սեպտեմբերին հայտարարել էր, որ Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի Տաթեւ-Աղավնո գրունտային հատվածը կասֆալտապատվի, ու 43 կիլոմետրանոց այդ ճանապարհը նոյեմբերի վերջին ամբողջությամբ պատրաստ կլինի։ Ճանապարհը կապելու է Սյունիքի` 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքները Կապանին ու Մ–2` մինչեւ Իրանի սահման հասնող միջպետական ճանապարհին։ Սյունիքի այլընտրանքային ամբողջ` 79 կմ–անոց ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 9.5 միլիարդ դրամ։