Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել ադրբեջանական դիրքերից Խաչիկ գյուղի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ:
ՄԻՊ-ն այն համոզմունքն է հայտնել, որ երեկվա ադրբեջանական կրակոցները Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ եղել են թիրախային: Կրակոցների հետեւանքով փշրվել են հողային աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչի տրակտորի հետեւի ու կողային ապակիները: Կրակոցների պահին համայնքի բնակիչը տրակտորի մեջ է եղել եւ վարել է հողը։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումներով ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողներն էլ գիտակցել են, որ խաղաղ բնակիչը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով: Պաշտպանին ուղղված այս ահազանգերը փատահավաք աշխատանքներով ստուգվել եւ հաստատվել են:
Արման Թաթոյանը արձանագրել է, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներն ուղղված են ՀՀ խաղաղ բնակիչների արժանապատվության, կյանքի ու սեփականության իրավունքի դեմ, խաթարել են մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրել է, որ այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն եւ երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:
Հայաստանի բնակիչների իրավունքներն անընդհատ խախտող ադրբեջանական արարքների գլխավոր պատճառներից մեկն էլ, ըստ Պաշտպանի դիտարկման, անպատժելիությունն է, ինչպես նաեւ պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը:
Այս հաղորդումը կներառվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու կուղարկվի միջազգային կառույցներին: