ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը հավանություն է տվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի ստեղծմանը եւ կարծում է, որ ժամանակն է գործնական դաշտ տեղափոխել դրա առնչությամբ ծրագրերը։
Զախարովան նշել է, որ «3+3» ձեւաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին, եւ որ ռուսական կողմը հենց դրանով էլ առաջնորդվում է:
Մեկնաբանելով Վրաստանի դիրքորոշումն այս ձեւաչափի առնչությամբ՝ Զախարովան նշել է, որ Թբիլիսիից լսում են հակասական հայտարարություններ այդ խորհրդատվական մեխանիզմին մասնակցելու վերաբերյալ: Ըստ Զախարովայի՝ դա ինքնիշխան երկրի դիրքորոշումն է։
Դեռեւս հոկտեմբերի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է «3+3» համագործակցության ձեւաչափը: Նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանային փոխգործակցության մեխանիզմի ստեղծում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ: