Երկու տարի առաջ ազգային կինոկենտրոնում բացված կինոժառանգության պահպանման բաժինն անհրաժեշտ է համարում արմատականորեն վերանայել հայ կինոյի ժառանգության պահպանման, մատուցման ու տարածման ներկա ձեւաչափերը: Հայաստանի նման երկրներում արտադրված ֆիլմերը հաճախ դուրս են մնում գլխավոր արխիվների, թանգարանների եւ փառատոների շրջանակներից, ինչն էապես նվազեցնում է դրանց վերականգնման, հասանելիության եւ ավելի լայն շրջանառության հնարավորությունները:
Ազգային կինոկենտրոնի ֆիլմհանձնակատար Մելիք-Կարապետյանն ասում է՝ մինչեւ սովետմիության փլուզումը կինոարխիվացիան, լավ թե վատ, արվում էր, անկախացումից հետո գործընթացը կանգ առավ:
Ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյանին անցկացվող գիտաժողովը փորձում էր երկխոսություն սկսել ազգային կինեմատոգրաֆիայի առանցքային հարցերի շուրջ՝ ներգրավելով խորհրդային, սոցիալիստական եւ սփյուռքի կինոժառանգության հետ առնչվող շուրջ 20 կինոգետների, կինոքննադատների, հետազոտողների եւ կինոարդյունաբերության մասնագետների Հայաստանից եւ արտերկրից։
«Կինոգիտության ոլորտը Հայաստանում չափազանց թերզարգացած է, մեր ակադեմիական ինստիտուցիաները այդ ուղղությամբ չեն աշխատում, ես չեմ հիշում՝ վերջին անգամ երբ է Հայաստանում գիտաժողով անցկացվել կինոյի հարցերով»,- ասում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը:
Կինոգետների զեկույցները վերաբերում էին սփյուռքահայ կինոժառանգության խնդիրներին, խորհրդային ժամանակաշրջանի հայկական կինոյին, ազգային կինոյի ձեւակերպումներին, կինոարխիվների վերականգնմանը:
Ֆրանսիացի կինոգետ Վալերի Պոզներն ուսումնասիրել է Համո Բեկնազարյանի «Նամուս» ֆիլմը: Կինոգետը ֆիլմը հայկական ազգային կինոյի մեկնարկային կետն է համարում:
1924 թվականին Հայաստանի Պետֆոտոկինոյի պետ Դանիել Դզնունին գնում է Թիֆլիս, որտեղ Համո Բեկնազարյանը սկսել էր նկարահանել «Նաթելա» ֆիլմը:
Դզնունու առաջարկով որոշվեց, որ Բեկնազարյանը «Նաթելա»-ին զուգահեռ գեղարվեստական ֆիլմ նկարի Հայաստանի Պետֆոտոկինոյի համար: Երեւանում այն ժամանակ դեռ անհրաժեշտ սարքավորումներ չկային, տաղավարային բոլոր նկարահանումները պետք է արվեին Բեկնազարյանի ղեկավարած Վրաստանի Գոսկինպրոմի տեխնիկական բազայի վրա:
Բեկնազարյանը որոշեց էկրանավորել Շիրվանզադեի «Նամուսը»: Իր հուշերում Բեկնազարյանը գրում է. «Ուզում էի Շիրվանզադեից հետո անարգանքի սյունին գամել նահապետական սովորույթի իշխանությունը»: Մայիսի 16-ին Մոսկվայում տեղի ունեցավ փակ դիտում: Սովետական կինեմատոգրաֆիայի բարեկամների ընկերությունը գտավ, որ «Նամուսը» սովետա-կովկասյան ֆիլմերի մեջ լավագույնն է: «Նամուս»-ի հաջողությունը ոչ մի կերպ չէր կարելի համեմատել Նաթելայի հաջողության հետ:
Ֆրանսիացի կինոգետ Վալերի Պոզները զուգահեռներ անցկացրեց երկու ֆիլմերի միջեւ: Եթե Բեկնազարյանի վրացական շրջանի ֆիլմերում արեւելքը ներկայացվել է մակերեսային, դեկորատիվ, այնպես, ինչպես դա արվում էր ամերիկյան, եվրոպական համր ֆիլմերում կամ նախահեղափոխական ռուսական կինոարտադրանքում` արեւելյան էկզոտիկային հատուկ ատրիբուտներով, ապա «Նամուս»-ում նույն հեղինակը արեւելքը ներկայացնում է առանց արդուզարդի: Ըստ Վալերի Պոզների՝ «Նամուս»-ի հաջողության գրավականը նաեւ այն է, որ ռեժիսորը տարատեսակ նախասիրություններով հանդիսատեսի քմահաճույքին համապատասխան էր գործել:
Կինոֆիլմի առաջին դիտումից հետո ժամանակի կինոքննադատները նշեցին՝ արեւելյան բոլոր կինոնկարներից «Նամուս»-ը լավագույնն էր: Սա, ըստ էության, հեղափոխություն էր հայկական կինոյի ասպարեզում, կարծում է ֆրանսիացի կինոգետը:
«Նամուս»-ի հաջողությունը, ինչպես նաեւ АРК կինոստուդիայի ողջույնի հեռագիրը Հայաստանի ժողկոմխորհին հանգեցրին նրան, որ որոշում կայացվեց Երեւանում ստեղծել գեղարվեստական ֆիլմերի համակարգված արտադրություն: Բեկնազարյանը հանդիպեց ժողկոմխորհի նախագահ Լուկաշինին, որը խոստացավ 500 հազար ռուբլի հատկացնել սարքավորումներ ձեռք բերելու եւ կինոարվեստանոց կառուցելու համար: Մոսկվան համարում էր, որ «Նամուսը» բարձր գեղարվեստական, գաղափարապես ճիշտ ու բանվորագյուղացիական հանդիսատեսի համար սոցիալական տեսակետից պիտանի կինոնկար էր, որը մերկացնում էր հին Հայաստանի դաժան սովորությունները: Փոքրիկ հանրապետությունում արդեն կինեմատոգրաֆիա էր ստեղծվում: Այն ժամանակ եվրոպական ոչ բոլոր երկրներում էր կինոարտադրություն կազմակերպվում, նկատում է կինոգետը:
Խոսելով Շիրվանզադեի կարծիքի մասին՝ Վալերին շեշտեց, որ թեպետ գրողը տեսարաններում որոշակի անհամապատասխանություններ էր նկատել, բայցեւայնպես բարձր էր գնահատել աշխատանքը:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։