Ֆրանսիայի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Փարիզում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման վերաբերյալ:
Ըստ տարածված հաղորդագրության՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը նախ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, որոնք Փարիզ են ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար:
Առանձին հանդիպումներից հետո Ֆրանսիայի ԱԳ նախարարը բացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի եւ ռուս համանախագահների հովանու ներքո:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հանդիպման ընթացքում վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը՝ ամրապնդելու կողմերի միջեւ երկխոսությունը, որը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը՝ ի շահ տարածաշրջանի բնակչության: Այդ նպատակին հասնելու համար Իվ Լը Դրիանը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ակտիվ գործունեությունը շարունակելու Ֆրանսիայի վճռականությունը: