ՀՀ կառավարության նոյեմբերի 11-ի նիստում ընդունված որոշմամբ՝ ՀՀ-ում սահմանված կորոնավիրուսի կարանտինային սահմանափակումները երկարաձգվում են մինչեւ 2022-ի հունիսի 20-ը։ Առողջապահության նախարարության առաջարկած այդ որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման` միաձայն քվեարկությամբ։
Երկարաձգման անհրաժեշտությունը ԱՆ-ն մեկնաբանում է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի առայսօր շարունակվող լարվածությամբ։
Ընդունված որոշմամբ՝ մինչեւ հունիսի 20-ը պահպանվելու է ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար առավելագույնը 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայությունը։
Նախագծով առաջարկվում է նաեւ արգելել քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները, պաշտպանության նախարարության զորամասերում տեսակցությունները եւ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդները, բացառությամբ ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի:
ԱՆ պաշտոնական վիճակագրությամբ՝ վերջին 14 օրվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 24 209 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 72%-ով։