ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանում իր ելույթում ընդգծել է, որ չափազանց կարեւոր է միջազգային ջանքերն ուղղել եւ պատշաճ քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու համար, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը արժանանա Նախիջեւանի ոչնչացված հայկական մշակութային ժառանգության ողբերգական ճակատագրին:
«Ե՛վ ռազմական գործողությունների ընթացքում, ե՛ւ զինադադարի հաստատումից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության դիտավորյալ ոչնչացման եւ վանդալիզմի բազմաթիվ փաստագրված դեպքեր են արձանագրվել, եւ, թերեւս, ամենատխրահռչակ օրինակը անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարին անօդաչու թռչող սարքից կրկնակի ճշգրիտ հարվածներն են»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը Փարիզում։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ շուրջ մեկ տարի է նաեւ, ինչ Հայաստանն ահազանգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ու անդամ պետություններին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ լուրջ սպառնալիքների մասին: Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակել Լեռնային Ղարաբաղ եւ շրջակա տարածքներ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելուն:
Արարատ Միրզոյանը հայտնել է նաեւ, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ դպրոցներ, մանկապարտեզներ, ինչի հետևանքով Ղարաբաղի ավելի քան 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հրապարակած զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել պատմության եւ մշակույթի առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ. 8 պետական թանգարաններ՝ 19 հազար 311 ցուցանմուշներով, Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները, 161 վանքեր ու եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր եւ այլ հուշարձաններ։
Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ ՀՀ ԱԳ նախարարը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը գոհունակություն են հայտնել տարիների ընթացքում Հայաստանի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության կապակցությամբ։
Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մշտապես գործադրել է առավելագույն ջանքերը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ընդհանուր արժեքների վրա հիմնված իր կարեւոր առաքելությունն իրականացնելու գործում։ Նա ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում 2021-2025 թվականների համար Հայաստանի անդամակցության թեկնածությունը բխում է նաեւ այդ ջանքերի արդյունավետության բարձրացման նկատառումներից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության խնդրին։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ համամարդկային մշակութային ժառանգության մասը կազմող Արցախի հայկական պատմամշակութային կոթողների՝ Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման եւ ինքնության խեղաթյուրման պայմաններում միջազգային հանրության կողմից կանխարգելիչ քայլերի իրականացումն ուղղակի հրամայական է։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության, մասնավորապես «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954-ի Հաագայի կոնվենցիայի շրջանակում տարածաշրջան անկախ գնահատման առաքելություն ուղարկելու Գլխավոր տնօրենի առաջարկի իրականացման կարեւորությունը։