Ընդամենը մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանը թաղված էր անհաղթահարելի թվացող մղձավանջի մեջ։ Պատերազմում ծանրագույն պարտությունից հետո բարոյալքված եւ ջախջախված ժողովուրդը ուներ բոլոր պատճառները փողոց դուրս գալու եւ հողին հավասարեցնելու պետական հաստատությունները եւ ընդհանրապես պետությունը որպես այդպիսին։
Այսինքն` օդում կախված էր պատերազմը ռազմաճակատից Երեւան տեղափոխելու սպառնալիքը, ինչը բնականաբար կտասնապատկեր պարտության հետեւանքներն, ու միգուցե երիտասարդ այս պետությունը ինքնասպանություն գործեր։
Բայց բարեբախտաբար մենք խուսափեցինք մահաբեր այդ հեռանկարից, ինչը հիմնականում որակվեց որպես անտարբերություն, ավելին՝ գործողության բացակայությունը վերագրվեց հայ ժողովրդի հավաքական տգիտությանը, որն իբրեւ թե թքած ունի կորսված հայրենիքի վրա։
Արդեն ամիսներ անց՝ 2021-ի հունիսի 20-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վճռական հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ժողովրդի մի զգալի մասի վստահության քվեն։ Քաղաքական եւ մտավոր շրջանակները այս փաստը նույնպես ընդունեցին սվիններով՝ ընտրությունների արդյունքները վերագրելով մարդկանց միֆական մտածողությանն ու իռացիոնալ վարքագծին։ Իսկ ազգայնականները շտապեցին առաջնային պլան մղել բարքերի անկման, հավաքական այլասերվածության, մարդկանց չափից շատ նյութապաշտության եւ հայրենիքի ուրացման նեոֆաշիստական իրենց տեսությունները։
Իմ համոզմամբ բոլոր այս ձեւակերպումները եթե թերի չեն, ապա կեղծ են եւ չեն արտահայտում իրերի իրական դասավորությունն ու էությունը։ Փորձել պատմության ընթացքն ու խզումները բացատրել միայն հանրության միֆական մտածողությամբ եւ իռացիոնալ վարքագծով, նշանակում է մտնել փակուղի եւ իրականում ոչինչ էլ չբացատրել։
Դեռեւս անցյալ դարում սոցիալական փիլիսոփայությունը ցույց է տվել, որ տեխնոլոգիական եւ գիտական առաջընթացը անպայման չի ենթադրում, որ մարդիկ պետք է ձերբազատվեն իրենց հոգեհարազատ մտածողության ձեւից։ Այսինքն՝ միֆերը միշտ էլ լինելու են, մարդիկ հարատեւ ապրելու են դրանցով եւ դրանց մեջ։ Ավելին՝ մարդիկ միեւնույն ժամանակ լինելու են եւ՛ ռացիոնալ, ե՛ւ իռացիոնալ, իսկ այս հասկացությունների հիմքի վրա մարդկանց տարանջատումը ընդամենը խաղ է փիլիսոփայական ամորֆ տերմինների հետ։
Ասվածից հետեւում է, որ Փաշինյանի վերարտադրությունը չի կարելի դիտարկել որպես իռացիոնալ քմահաճույք, ընդհակառակը՝ այն ավելի քան ռացիոնալ է, բայց ոչ որպես քմահաճույք, այլ ապստամբություն, այն էլ պետության գաղափարի դեմ։ Սա թերեւս 30 տարվա վաղեմության հակամարտություն է, որը բնորոշ է հետխորհդային բոլոր հասարակություններին եւ ուղիղ հետեւանքն է Խորհրդային Միության փլուզման։
Ինչպես հասկացաք, խնդիրը ո՛չ այսօր եւ ո՛չ էլ երեկ է ի հայտ եկել, ընդհակառակը, այն ի սկզբանե ներդրված է եղել մեր պետության եւ անկախության հիմքերում։
Խնդիրն այն է, որ սոցիալիստական հասարակարգի փոխարինումն ազատ շուկայական հարաբերություններով օրինաչափորեն հանգեցրել է կապիտալի անհավասար բաշխման, ինչի հետեւանքով ի հայտ են եկել հարուստների եւ աղքատների դասակարգեր։ Սա անկասելի գործընթաց է՝ անկախ մեր կամքից եւ ցանկություններից։ Սոցիալական անարդարությունը նոր ձեւավորվող ազատ շուկայի անբաժանելի բաղադրիչն է, առանց որի հնարավոր չէ կապիտալիզմ կառուցել։
Տեղին է հիշել Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Անատոլի Չուբայսի հետեւյալ խոսքերը․ «Մենք ստիպված էինք ընտրություն կատարել հանցագործ կոմունիզմի եւ հանցագործ կապիտալիզմի միջեւ»։ Այս ձեւակերպումը ամբողջությամբ արտահայտում է ժամանակաշրջանի էությունը, եւ կոմունիզմի էջը փակած եւ ազատ շուկա կառուցող հասարակությունները դատապարտված էին անցնելու շոկային թերապիայի միջով։
Ի դեպ, սոցիալական անարդարությունը նույնիսկ ամենազարգացած հասարակությունների ամենահրատապ մարտահրավերներից մեկն է։ Կայացած կապիտալիստական պետություններից հարյուրամյակներ են պահանջվել սոցիալական որոշակի հավասարակշռության հասնելու համար, բայց խնդիրը բաց է մնում, իսկ պետության վերաբերյալ բանավեճերն՝ ավելի քան արդիական։
Վերադառնալով խնդրո առարկային՝ նշենք, որ անխուսափելի այս գործընթացը միլիոնավոր մարդկանց դատապարտել է թշվառության, աղքատության, սովի եւ տարատեսակ այլ տառապանքների։ Հայկական միջավայրում իրավիճակն էլ ավելի է բարդացել երկրաշարժի, պատերազմի եւ փախստականների պատճառով։
Տրամաբանական հարց է առաջանում՝ արդյոք հետխորհրդային հասարակությունները կարո՞ղ էին խուսափել դժոխքի միջով անցնելու հեռանկարից։ Միանշանակ ո՛չ, սերունդն այդ դատապարտված էր ապրել անցումային հասարակություններին բնորոշ ցնցումների պայմաններում։ Իհարկե, միակ փրկությունն այն կլիներ, եթե 1970-ական թվականներին Խորհրդային Միության քաղաքական վերնախավը ընթանար ռեֆորմների եւ աստիճանական կերպափոխման ճանապարհով, բայց փոխարենը տիրապետող դարձան բրեժնեւյան լճացումն ու գորբաչովյան անմտությունը, ինչի հետեւանքով կայսրության հիմքերը փտեցին՝ հանրապետություններին ինչ-որ մի օր փլատակների տակ թողնելու խոստումով։
Հետխորհրդրային տարածքի մի շարք երկրներում նկատվում է նաեւ ժողովրդավարությունից ավտորիտարիզմի եւ նոր ձեւավորված ազատ շուկայից օլիգարխիկ համակարգերի անցնելու օրինաչափությունը։ Քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ինստիտուտների չկայացվածությունը համանման իրավիճակներում հանգեցնում է նրան, որ բուրժուական փոքրամասնությունը աստիճանաբար սկսում է տիրապետող դիրքեր զբաղեցնել քաղաքական միջավայրում։ Իսկ սրա վերջնարդյունքը ինքնահռչակ «ուժեղ ձեռքի» կամ էլ «պախանի» տրամաբանական ծնունդն է, որը պետք է դառնա կապիտալի երաշխավորն ու ազդեցության գոտիների գծագրողը։
Ահա այս ճանապարհով է անցել հայ ժողովուրդը, որի ենթագիտակցության մեջ ատելություն է սաղմնավորվել պետության նկատմամբ։ Սա քողարկված եւ աննկատ զգացողություն է, բայց դժբախտ ու թշվառ կյանքով ապրող մարդն ի վերջո իր բոլոր տառապանքների առաջնային մեղավոր է դիտարկում պետությունն՝ իրեն աղքատություն պատճառած, մյուսին հարստացրած, պատժիչ մահակի կարգավիճակ ունեցող պետությունը, որը լքել է իրեն՝ հիշելով միայն հարկահավաքության եւ պատերազմի ժամանակ։
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի չհռչակված ընդվզումն է ազատ շուկայի եւ պատժիչ պետական համակարգի դեմ կամ էլ հակակապիտալիստական տրամադրությունների մարմնավորումն է։ Այլ խնդիր է, որ Փաշինյանն ընդհանրապես չի համապատասխանում այդ առաքելությանը, եւ հենց ինքն էլ մեծ հաշվով հանդես է գալիս սոցիալական անարդարության լեգիտիմացման դրոշներով։ Բայց միեւնույնն է, մարդկային գիտակցության մեջ նա դեռեւս շարունակում է դիտարկվել որպես արդարության խորհրդանիշ, որը պետք է հողը բաժանի գյուղացիներին։
Եկանք հասանք ազգայնականներին, որոնք բնականաբար իմ դիտարկումներին կպատասխանեն հետեւյալ հակափաստարկով․ «տգետ ժողովուրդը եւ նեոլիբերալ գաղափարախոսները միայն ստամոքսի մասին են մտածում՝ մի պատառ հացը փոխանակելով հայրենիքի՝ Արցախի հետ»։
Իմ համոզմամբ Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի համար ուտոպիա էր, որի հետ մեծամասնությունը գաղափարական առումով քիչ է առնչվել։ Մեծ հաշվով ժողովուրդն այդ պայքարը դիտարկել է որպես պատրվակ քաղաքական ազատության եւ նոր աշխարհում բարեկեցության հասնելու համար։ Սա ամենեւին էլ կշտամբանք չէ, այլ մարդկային բնության եւ քաղաքական գործընթացի պարզ արձանագրում։
Կարլ Մանհեյմը գրում էր․ «Գաղափարախոսությունները իշխող դասակարգինն են, իսկ ուտոպիան՝ ճնշված դասակարգինը»։ Այս միտքն ամբողջությամբ համապատասխանում է մեր իրականությանը, քանի որ Ղարաբաղը հայկական պահելու եւ Ադրբեջանից պոկելու գաղափարի կրողը քաղաքական վերնախավն էր, իսկ ժողովրդի համար դա օդում պտտվող ուտոպիա էր, եւ դա շատ նորմալ, բոլոր հասարակություններին բնորոշ, ռացիոնալ վարքագիծ է։
Ցավոք, հենց այս պարզ ճշմարտությունը չեն կարողանում հասկանալ ազգայնականները, քանի որ հրաժարվում են իրենց շրջապատող նյութական աշխարհի խաղի կանոններին առերսվելուց։ Ընդհանրապես ազգայնականությունը խնդրահարույց գաղափարախոսություն է եւ առաջին հերթին սեփական գործիքակազմ չունենալու պատճառով։ Դրանում բացակայում են տնտեսական համակարգն ու սեփական հռետորաբանությունը, մեկը վերցնում են լիբերալներից, իսկ մյուսը՝ ձախերից։
Եթե նկատել եք, աշխարհի գրեթե բոլոր երկրներում ազգայնականները մշտապես նեղացած եւ վիրավորված են իրենց հասարակություններից։ Նրանք առաջարկում են սիրել հայրենիքը, բայց միեւնույն ժամանակ քարոզում են հավատարմություն ազատ շուկայի սահմանած անարդար հիերարխիկ համակարգի նկատմամբ, ինչի հետեւանքով քաղաքացին անհաշտ եւ նույնիսկ չգիտակցված կոնֆլիկտի մեջ է հայտնվում հենց այդ նույն հայրենիքի հետ։
Նույնը կատարվել է Հայաստանում, քանի որ հայ ազգայնականությունն ու նժդեհականությունն ավելի քան երկու տասնամյակ դիտարկվել են որպես օլիգարխիկ համակարգի գաղափարական հիմքեր, ավելին՝ գոյության եւ վերարտադրության երաշխավորներ։ Արդյունքում 2018-ին փաշինյանական սոցիալական պոպուլիզմը հաղթել է ՀՀԿ-ի նժդեհական պոպուլիզմին, ինչի օրինաչափ հետեւանքն էր պետական հաստատությունների եւ խորհրդանիշների արժեզրկումը։
Որքան էլ որ ազգայնական ճառերը ազդեցիկ եւ անքննելի թվան, միեւնույնն է, մատերիան է ձեւավորում մարդու գիտակցությունը, իսկ հայրենիքն էլ իմաստավորվում է իր սոցիալ-տնտեսական հարաբերություններով։ Հենց սա չեն հասկանում հայ ազգայնականները՝ պետությունը դիտարկելով որպես ոգեղեն եւ աննյութեղեն գաղափար, որը պետք է բոլորի համար բացարձակ արժեքի կարգավիճակ ունենա։
Սա կարճաժամկետ հեռանկար ունեցող փորձառություն է, եւ մարդկային խմբերը ինչ-որ մի փուլում կարող են զուտ ֆանատիզմի ներգործությամբ ինչ-որ արդյունքներ արձանագրել։ Երկարաժամկետության համատեքստում մարդու գիտակցությունը միահյուսված է մասնավոր սեփականության, բարեկեցության, եկամտի, սոցիալական արդարության եւ իր նյութական միջավայրի հետ։ Իսկ ազգայնականները, լեգիտիմացնելով մարդկային թշվառությունը, այդ նույն մարդկանց կշտամբում են արտագաղթելու, մեղադրում հայրենիքի նկատմամբ անտարբերության եւ Շուշիի անկումը չնկատելու համար։
Ավելին՝ հայրենիքի իրենց էգոիստական, իրականությունից կտրված պատրանքները փաթաթում են մարդկանց վզին՝ դիտարկելով նրանց որպես հանուն հայրենիքի մորթվելու առաքելությամբ լույս աշխարհ եկած եւ բանականության կարիք չունեցող ոչխարների։ Սա էլ հանգեցնում է խզման, երբ էլիտա կոչվածն ու ժողովուրդ հռչակվածը սկսում են ապրել տարբեր իրականություններում՝ անխառն ու անշփոթ, մեկն՝ իր դատարկ ստամոքսով, իսկ մյուսը՝ կորսված հայրենիքի կաղկանձով։
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը իշխանությունից կհեռացվի այն ժամանակ, երբ փլուզվի նրա սոցիալական արդարության միֆը, ինչը սարերի հետեւում չէ։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։