Երեք օր առաջ սննդային թունավորման կասկածով հիվանդանոց էր տեղափոխվել 10 երեխա:
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացրել էին, որ սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8, իսկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն՝ 2 երեխա: Բոլորն «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի 8-11 տարեկան սաներ են:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, արձագանքելով ահազանգին, վերահսկողական միջոցառումներ են իրականացրել մանկական զարգացման կենտրոնում: Առկա պատրաստի արտադրատեսակներից եւ հումքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից եւ գույքից վերցված նմուշները ենթարկվել են լաբորատոր փորձաքննության:
Արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ. չեն ապահովվել հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, աշխատանքային գործիքների եւ պարագաների լվացման, ախտահանման եւ պահման համար նախատեսված չեն եղել անհրաժեշտ հարմարություններով տարածքներ, կենդանիների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման եւ տեղափոխման տարածքներ կանխելու համար չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ եւ այլն:
«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է՝ ժամկետ սահմանելով խախտումների վերացման համար:
Ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ կենտրոնը գրանցված չի եղել ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում, ուստի դուրս է մնացել տեսչական մարմնի վերահսկողության շրջանակից, որի համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն 100000 դրամի չափով:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։