Եվրոպական մի շարք երկրներ հավելյալ սահմանափակումներ են մտցնում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ ավելացման պատճառով։
Այսօր Նիդերլանդների կառավարությունը կհայտարարի մասնակի լոքդաունի գնալու մասին։ Երկրում երեկ արձանագրվել է վարակի ավելի քան 16 հազար նոր դեպք, ինչն օրական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի բռնկումից ի վեր։ Ըստ լրատվամիջոցների՝ ակնկալվում է, որ երեք շաբաթով կփակվեն կինոթատրոնները, ռեստորանները եւ ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների խանութները, մարզական հանդիպումները կդադարեցվեն։ Հոլանդիայի չափահաս բնակչության ավելի քան 84 տոկոսը լիովին պատվաստված է:
Դանիան եւս խստացումներ է մտցնում կորոնավիրուսային սահմանափակումները հանելուց երկու ամիս անց: Այսօրվանից երկրում անհնար կլինի գիշերային ակումբ, ռեստորան ու սրճարան մտնել առանց պատվաստման վկայագրի։ Պահանջը վերաբերում է 15 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիներին։
Գերմանիայում հինգերորդ օրն է՝ նոր դեպքերի շարունակական աճ է գրանցվում։ Համաճարակների դեմ պայքարի կենտրոնը կոչ է արել խուսափելու զանգվածային հավաքներից եւ սահմանափակելու շփումները։ Գերմանիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ վաղվանից երկրում կրկին ՔՈՎԻԴ-19-ի անվճար թեստեր կբաժանվեն։