Երեկ Թուրքիայում հիշվել է Varlık Vergisi-ի՝ հանրապետական Թուրքիայի «մութ» օրենքներից մեկի՝ «Ունեցվածքի հարկ»-ի ընդունման օրը: Այն հայերի, հույների, հրեաների եւ այլ փոքրամասնությունների հանդեպ իրականացված խտրական գործողություններից մեկն է, որը տարբեր մեկնաբանների կողմից այլ կերպ կոչվել է նաեւ «տնտեսական ցեղասպանություն»:
Ունեցվածքի հարկ հավաքելու հետեւանքով Թուրքիայում 1940-ականներին մեծ վնաս են կրել այնտեղ ապրող փոքրամասնությունները, որոնք մինչ այդ (սկսած Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից) տնտեսության մեջ բարձր դիրք ունեին: Եվ չնայած հայոց ցեղասպանությանը, հույների, կրոնական այլ փոքրամասնությունների կոտորածներին՝ փոքրաթիվ փրկվածները նույնիսկ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունում շարունակում էին տնտեսապես կայուն մնալ, ինչը նկատելի էր օրվա իշխանությունների կողմից:
Այս ժամանակաշրջանին անդրադարձած պատմաբանները վստահ են, որ ունեցվածքի հարկն ազգայնական իշխանությունների՝ միատարր Թուրքիա ստեղծելու եւ նաեւ տնտեսությունը թրքացնելու գաղափարախոսության հիմնական քայլերից մեկն էր: Դրա մասին օրենքը (որ հայտնի է իբրեւ թիվ 4305 օրենքով հաստատված ունեւորության տուրք) ընդունվել է 1942 թվականի նոյեմբերի 11-ին Թուրքիայի այդ օրերի վարչապետ Շուքրու Սարաջօղլուի գլխավորությամբ, Ազգային մեծ ժողովի 350 պատգամավորների միաձայն քվեարկությամբ:
Օրենքը հարկատուներին բաժանում էր չորս խմբի՝ մուսուլմաններ, ոչ մուսուլմաններ, հավատափոխներ, օտարահպատակներ, եւ նախատեսում էր, որ մուսուլմանները պետությանը պետք է վճարեին ունեցվածքի 12,5 տոկոսի, ոչ մուսուլմանները՝ 50 տոկոսի, հավատափոխները (իսլամացածները)՝ 25 տոկոսի եւ օտարահպատակները 12,5-ի տոկոսի չափով: 1940-ականներին Թուրքիայում ոչ մուսուլմանների ամենամեծ համայնքները հայերը, հրեաներն ու հույներն էին, եւ հարկահավաքությունն ըստ էության ուղղված էր նրանց։
Վարչապետ Սարաջօղլուն հայտարարում էր, թե այն նպատակ ունի արժեւորելու թուրքական լիրան, կարգավորելու «սեւ» շուկան, գների աճը: Օրենքի ընդունումից անմիջապես հետո նա նաեւ հայտարարել է, թե օրենքն իր ողջ խստությամբ կիրառվելու է բոլոր նրանց նկատմամբ, «ովքեր այս երկրի հյուրասիրությունից օգտվել ու հարստացել են, սակայն այս դժվարին պահին խուսափում են իրենց պարտականությունները կատարելուց»:
Ունեցվածքի հարկը 15-օրյա ժամկետում վճարել չկարողացողների համար (այն գանձվում էր կամայականորեն՝ մարդկանց ունեցածից շատ ավելին պահանջելով) ծանր պատիժներ էին նախատեսվում՝ աքսոր, ունեցվածքի բռնագրավում, տաժանակրություն եւ այլն: Հարկահավաք հանձնաժողովներում, ի դեպ, միայն թուրքեր էին ընդգրկվում: Հինգ-վեց հազար հոգի այդ տարիներին աքսորվել է, աշխատանքային ճամբարներում մոտ 21 հոգի է մահացել, բազմաթիվ հայեր եւ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ գաղթել են ուրիշ վայրեր, որտեղից շատերը չեն վերադարձել։
1944 թվականի մարտի 15-ին Թուրքիայում վերացվել է ունեցվածքի հարկը, բայց նրա 16-ամսյա կիրառումն արդեն հարստահարել էր քրիստոնյաներին եւ հրեաներին: Նշվում է, որ օրենքի կիրառմամբ գանձված գումարի մոտ 80 տոկոսը հավաքվել է Ստամբուլում, իսկ այդ տարիներին հայերի ամենամեծ թիվը հենց այնտեղ էր: Փոքրամասնություններից հարկ չկարողանալ վճարելու դիմաց խլված տները, խանութները, նույնիսկ հագուստն ու տնային իրերն էժան գներով աճուրդի էին դրվում, որոնք գնում էին թուրքական կազմակերպությունները, բանկերը, գործարարները:
Օրենքի կիրառումից հետո Թուրքիայից ազգային փոքրամասնությունների խոշոր արտագաղթ է սկսվել, իսկ բռնի ու անօրեն հարկահավաքության ֆիզիկական եւ հոգեբանական հետեւանքները զգացել են նաեւ հետագա սերունդները: Այսօր էլ Թուրքիայում կան այդ տարիներին կեղեքման ենթարկված վերապրողներ եւ նրանց ընտանիքները, որոնք ցեղասպանությունից բացի մեկ այլ ողբերգություն են համարում 1940-ականների «անարյուն» ջարդը եւ վստահ են, որ վախի, անպաշտպանության մթնոլորտը երկրում նաեւ այդ ժամանակվանից է ամրապնդվել:
Երկար տարիներ Թուրքիայում այս թեման փակ է եղել, նրա մասին սկսել են ավելի բաց խոսել եւ գրել 1980-ականներին, տպագրվել են գրքեր, միջազգային մամուլը խոշոր անդրադարձներ է կատարել:
Բոլոր նյութերում չի շրջանցվում այն հանգամանքը, որ թուրքական մամուլն ու թուրք մտավորականությունն այդ ժամանակ ամբողջ ուժով պաշտպանել եւ քարոզել են հարկահավաքությունը:
Փոխհատուցման պահանջ
Երեկ՝ ունեցվածքի հարկի ընդունման օրը, հայազգի քաղաքական գործիչ, երկրի օրենսդիր մարմնի ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությանն առաջարկ է ներկայացրել, որով պահանջել է խորհրդարանական հետաքննություն սկսել «Ունեցվածքի հարկ» անունով գործած օրենքի շուրջ, տեղեկանում ենք Ստամբուլի «Ժամանակ» թերթից:
Նա նշել է, որ անցած 79 տարվա ընթացքում խորհրդարանը որեւէ քայլ չի կատարել տուրքի հետեւանքով տուժած քաղաքացիների կորուստներն ուսումնասիրելու ուղղությամբ: Փայլանը պահանջել է ամբողջությամբ ճշտել ունեցվածքի հարկի օրենքն ընդունած ու գործադրած հանրային պաշտոնյաների ցանկը, զոհերի, կորուստների մասին տվյալները եւ ըստ այդմ տուժածների ընտանիքներին նյութական եւ բարոյական փոխհատուցումներ տալ: Սարաջօղլուի խոսքերը («Մեր հրապարակում գերիշխանություն ունեցող օտարները պիտի վերանան եւ թուրքական հրապարակը թուրքերի ձեռքը պիտի անցնի» եւ այլ ձեւակերպումներ) նա որակել է ցեղապաշտական արտահայտություններ:
Պատգամավորը հիշեցրել է, որ ունեցվածքի տուրքի հարկատուների 87 տոկոսը քրիստոնյա եւ հրեա համայնքների ներկայացուցիչներն են եղել, որոնց մեծ մասը, չկարողանալով վճարել պարտադրվածը, դեպի Սիվրիհիսար եւ Աշքալե (Էրզրում) է քշվել, եղել են մահացողներ: «Սա բացահայտ ազդանշան է, որ նրանք հավասար քաղաքացիներ չեն նկատվել: Այս անարդար ու ցավալի կացությունը 13 տարի անց մեկ ուրիշ դրսեւորում էլ է ունեցել, 1955 թվականի դեպքերով: Այս երկու իրադարձություններով փոքրամասնությունները կորցրել են Թուրքիայում հավասար քաղաքացի լինելու հույսը»,- Կարո Փայլանի՝ խորհրդարան ներկայացրած առաջարկից հատված է մեջբերել Ստամբուլի «Ժամանակ» թերթը:
Հայ պատգամավորը հույս է հայտնել, որ խորհրդարանական հետաքննությունը կվերականգնի արդարությունը, եւ Թուրքիայում միասնաբար, արդարությամբ ապրելու կամքն ու հույսը կվերակենդանանան։
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։