ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին ասել է, թե «ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ուժով»։
Հետաքրքիր է, թե որն է մեր փոխվարչապետի վստահության մեկնակետը։ Եթե զուտ իր ցանկությունն է, վատ ցանկություն չէ։ Որովհետեւ եթե Ադրբեջանը որոշեց լուծել ուժով, ու միջազգային իրադրությունն էլ նպաստեց դրան, կլուծի։ Դեռ ոչինչ այս պահին մեր օգտին չի խոսում։
44-օրյա պատերազմի ժամանակ էլ Մինսկի խումբ կար, չկարողացան, չէ՞, կանխել պատերազմը։ Այսօր էլ ամեն ինչ հանգիստ չէ մեր տարածաշրջանում։ Այսօր էլ է, չէ՞, Լեռնային Ղարաբաղը դե յուրե Ադրբեջանի կազմում, որի կարգավիճակի հարցը բաց է նույնիսկ Մինսկի խմբի համար։ Ո՞վ է Մհեր Գրիգորյանին տվել այդ վստահությունը։ Ռուսաստա՞նը։ Եթե երաշխիքը ռուսներից է, ո՞վ ասաց, որ չի կարող նոր հակամարտություն բռնկվել, ու թող որ այն ավարտվի մեր օգտին։ Էլի ուժով լուծել չի, բայց հակամարտությունը կմնա, չէ՞։ Որովհետեւ որոշողը մենք չենք, հաճելի է մեզ դա, թե ոչ։ Հակամարտության լուծմանն իսկապես կարելի է հասնել խաղաղ ճանապարհով, բայց ոչ հաստակողությամբ։ Մեր հաստակողության, ինչպես նաեւ Ռուսաստանի շատ հեռու գնացող ծրագրերի պատճառով վճարեցինք 44-օրյա պատերազմով։
Հիմա Ադրբեջանը հակամարտության թեման համարում է փակված։ Ի՞նչ ունեք նրան հակադարձելու։ Էդ երկիրը էլ չի ուզում կռվի։ Ցինի՞կ է հնչում հայի կողմից։ Գուցե։ Բայց ի՞նչ ունենք դեմ տալու Ադրբեջանին, որպեսզի ըստ նրա գոյություն չունեցող կոնֆլիկտը ըստ մեզ լուծվի խաղաղ ճանապարհով։
Ըստ իս, կոնֆլիկտ կա։ Ըստ իս, արցախցիները ադրբեջանցիների հետ «մի կաթսայում չեն եփվի» շատ երկար ժամանակ։ Ըստ իս, քանի խաղաղության փաստաթուղթ չկա, ադրբեջանցիներն անպատիժ սպանելու են հայերին Լեռնային Ղարաբաղում եւ ոչ միայն։ Բայց Ադրբեջանն այսօր իրեն զգում է մի վիճակում, երբ հենց վաղը կարող է որոշել ընդհանրապես ուժով ու վերջնականապես լուծել Ղարաբաղի հարցը հենց թեկուզ այն պատճառով, որ ռուս խաղաղապահները խանգարելու իրավունք չունեն։ Նրանք նույնիսկ միջազգայնորեն ճանաչված խաղաղապահական մանդատ չունեն։ Ռուսները կողմերից որեւէ մեկի վրա կրակելու մանդատ չունեն։ Շատ-շատ ադրբեջանցիներին խնդրեն չբարձրացնել անօդաչուները, չկիրառել Պոլոնեզներն ու մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները` Սմերչ, Քասիրգա եւ այլն։ Ահա այս վիճակում է Հայաստանը։
Պետք չէ անել հայտարարություն, որին հակառակորդի ռեակցիան կարող է լինել՝ դու էիր մնացել պակաս։ Պարզապես պետք է մտածել նրանց մասին, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում, ու պետք է անել ամեն ինչ, որ Ադրբեջանն իսկապես հասկանա, որ խաղաղությանն այլընտրանք չկա։ Իսկ դա նշանակում է ճիշտ օգտագործել խաղաղ ամեն օրը, ոչ այնպես, ինչպես դա Հայաստանի իշխանություններն արեցին ապրիլյան պատերազմից հետո։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: