Վերջին երեսուն տարիների քաղաքական առաջին սպանությունը կատարվել է Ստեփանակերտում․ քաղաքի կենտրոնում օր ցերեկով գնդակահարվել է Վալերի Գրիգորյանը։
Նա կուսակցության ԼՂ մարզկոմի բաժնի վարիչ էր, մի քանի օր առաջ պատվիրակության կազմում մեկնել էր Բաքու։ Դա «Կոլցո» գործողության դաժան շրջանն էր, եւ մարզի ղեկավարությունը, Շարժման ֆորմալ կառույցները որոշել էին «առճակատումից անցնել երկխոսության»։
Վալերի Գրիգորյանի սպանությունից երեւի քսան տարի անց Շարժման դեմքերից երկուսը մամուլում շատ բաց հայտարարեցին, որ եթե դա տեղի չունենար, մենք «կշեղվեինք ճանապարհից»։ Ոչ ոք, իհարկե, չհետաքրքրվեց, թե ինչ նկատի ունեն նրանք։ Բոլորն ընդունեցին ի գիտություն, որ «գլխավոր գծից շեղվողը պետք է պատժվի»։ 1990-ական թվականներին Արցախում «չափալախչի ինստիտուտը» հարգի էր, գրեթե ֆորմալ։ Նվազագույն «չափալախը» վերնախավին մոտ կանգնած մեկի «մտերմական զրույցն» էր որպես զգուշացում, որ կան «հարցեր, որոնք չեն թարգմանվում»։
Կարելի է տասնյակ դեպքեր հիշել, երբ անհնազանդություն դրսեւորած անձը հայտնվել է մեկուսարանում, որտեղ նրան արդեն «մասնագիտական մշակման են ենթարկել», որից հետո նա մեկ շաբաթ, տասն օր տնից դուրս չի եկել, մինչեւ դեմքի այտուցն իջնի, կապտուկներն անցնեն։
Ժամանակի հետ, իհարկե, էվուլյուցիա է ապրել նաեւ «չափալախի ինստիտուտը»։ Նոր դարում ֆիզիկական բռնությունները տեղը զիջել են բարոյական, հոգեբանական կտտանքներին, բայց դրանից քիչ բան է փոխվել։ Ավելին, եթե «մասնագիտական մշակման ենթարկվածը» հանրայնորեն ընկալվում էր որպես համարյա թե «մեր ժամանակների հերոս», «բունտար-դեկաբրիստ» եւ արժանի էր հարգանքի, նույնիսկ ակնածանքի, ապա «քաղաքակիրթ» օստրակիզմի զոհին նայում էին իբրեւ «ներքին միասնությունը խաթարողի»։
Այսպես է ձեւավորվել նոմենկլատուրային քարոզչությունը՝ ճշտորեն պատճենելով խորհրդային քարոզչակաղապարը․ եթե կոմունիստական Արցախում օտար, գրեթե թշնամի էին «թեւանիստները» (1920-1921 թվականներին Հադրութում հակաբոլշեւիկյան շարժման ղեկավար Թեւան Ստեփանյանի գաղափարական հետեւորդները) կամ յուրաքանչյուր ոք, ում մասին հայտնի էր դառնում, որ արձակուրդի օրով մեկնել է Երեւան եւ այցելել Ծիծեռնակաբերդ կամ Ուջանում մի ծաղիկ դրել Անդրանիկ Օզանյանի կիսանդրու պատվանդանին, ապա մեր օրերում «հակա» էին հռչակված «լեւոնականները»՝ հազվագյուտ մարդիկ, ովքեր կասկածում էին «ոչմիթիզականությանը» եւ շատ զգուշավոր ակնարկում, թե «գուցե առաջին նախագա՞հն էր ճիշտ»։
Քաղաքական անհանդուրժողականությունն այն սանձարձակությանն էր հասել, որ ՀՅԴ Արցախի կառույցն իր պատգամավորական խմբակցության միջոցով փորձեց փոփոխություն եւ լրացում կատարել քրեական օրենսգքում՝ պատիժ սահմանելու այն անձանց նկատմամբ, ովքեր կհամարձակվեն հրապարակային խոսել ԼՂ փոխզիջումային, խաղաղ-բանակցային կարգավորման մասին։ Փառք Աստծո, իշխանությունը բարձրության վրա գտնվեց եւ կանխեց այդ ծաղրածուական նախաձեռնությունը, բայց քաջությունը չհերիքեց, որպեսզի լիովին հաղթահարի «չափալախի ինստիտուտի» բարդույթը։ Նույնիսկ ապրիլյան քառօրյա մարտերից հետո, երբ ակնհայտորեն բացահայտվեցին բանակի թերությունները, իշխանությունը որդեգրեց «վթարված նավի ճեղքերն ինչ-որ ձեւով փակելու» ավրալային քաղաքականություն։
Եվ ի՞նչ։ Ոչինչ։ Անխախտ մնաց «չափալախի ինստիտուտը»։ Այսօր էլ այն կա։ Փորձի՛ր ամենաբարեկիրթ ձեւով ակնարկել, որ 1998-ի իշխանափոխությունը բոլորովին էլ Արցախի հարցի համար չէր, որ մենք պատմական այդ բացառիկ պատեհությունը բաց ենք թողել, մսխել դիվանագիտական ռեսուրսները, ինքնամեկուսացել, քաղաքակրթական նահանջ ապրել, ինչն ի վերջո ծառայել է թշնամու շահերին, եւ «պատասխանատու» մամուլում ԵԿՄ անդամի կամ կայքի խմբագրի կողմից որակվում ես «լեւոնական» եւ «թուրք-ադրբեջանական գործակալ»։ Լավագույն դեպքում՝ «Նիկոլին քծնող»։
Ոչինչ, որ 2018 եւ 2020 թվականներին երկու «բաց նամակ» ես գրել։ Առաջին անգամ խորհուրդ ես տվել, որ նա չստանձնի վարչապետի պաշտոնը, հնարավորություն տա, որ ձեւավորվի «անցումային կառավարություն», որպես «հեղափոխության առաջնորդ» մասնակցի արտահերթ ընտրություններին եւ եթե ստանա վստահության քվե, ապա միայն իրավունք ունենա ասելու, որ ինքն է ժողովրդի ընտրյալը, իսկ երկրորդում հնչեցրել ես ավելի ցավոտ եւ թիրախային հարցեր, քան ինստիտուցիոնալ ընդդիմությունն էր ասում նոյեմբերի 8-ի հանրահավաքում։ Այդ տեքստերը հրապարակված են։
Ինձ «թուրք-ադրբեջանական գործակալ» անվանողները, համոզված եմ, ժամանակին կարդացել են, ծանոթ են տասնյակ հարցազրույցներիս։ Գիտեն, բայց որովհետեւ «չափալախի ինստիտուտի» շատ շարքային «չափալախչի» են, ինչի դիմաց հաստատ վճարվում են (ինչպես որ վճարվում են քիլլերները), չեն կարող չկատարել «վերին ատյանից իջեցված հրամանը»։
Այս անբարոյականության դեմ անզոր է բանականությունը, անզոր է դատարանը։ Որովհետեւ եթե դիմես դատարան, հայցդ չեն ընդունի․ Հայաստանում կպատճառաբանեն, որ Արցախի քաղաքացին թող դիմի իր երկրի դատարանին, Արցախում էլ կմերժեն՝ պատճառաբանելով, որ Հայաստանի քաղաքացու դեմ վարույթ հարուցելու, նրան դատակոչելու իրավասություն չունեն։
«Չափալախչին» նաեւ այս նրբություններն է հաշվարկել եւ, ամենակարեւորը, նա ունի մի առավելություն՝ ցինիկ է։ Նրան ոչինչ չի վրդովեցնում։ Ո՛չ իր քաղաքական պերմանենտ ճամբարափոխությունը, ո՛չ բացահայտ վարձահրավիրվածությունը, ո՛չ «մասնագիտական» պլագիատը։ Նա ունի «պողպատե զրահ»․ ինքը «հայրենասեր է»։
Նա գիտի, որ հայրենասիրությունը ստահակների վերջին ապաստանն է, բայց նույնիսկ հանրայնորեն գնահատված ստահակությունից չի խորշում։ Որովհետեւ «չափալախի ինստիտուտին» մեկ անգամ երդում տվածը «քիլլերության քողարկազգեստը» փոխել չի կարող, նույնիսկ եթե Ազգային ժողովի նիստի է գնում վարձավճար-բրենդային կոստյումով եւ փողկապով։
Քիլլերները չեն մեռնում։ Նրանց սպանում են ավելի գործունյա քիլլերները՝ նույն տիրոջ սառնասիրտ հրամանով։ Եթե մինչ այդ բարոյական մահը նրանց նողկալի գոյությունից չի մաքրում ազգային-հանրային մթնոլորտը։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։