Առաջին պատերազմում հայրենի Առաջաձոր գյուղը հյուսիսային ուղղության վերջին բնագիծն էր, որ թշնամուն չհաջողվեց անցնել: 93-ի գարնանն այնտեղ արդեն դպրոցական զանգ էր ղողանջում: Քսանյոթ տարի հետո գյուղը վերստին դպրոց է բացել, մանկապարտեզ: Գրեթե բոլոր աշակերտները վերադարձել են:
Քառասունչորսյա պատերազմին 700 բնակիչ ունեցող Առաջաձորը հինգ զոհ եւ այդքան էլ վիրավոր է տվել: Մեկի ճակատագիրն առայսօր անհայտ է: Զոհեր ունեն հարեւան բոլոր գյուղերը: Մխիթարություն է, որ թշնամին այս անգամ Խաչենի հովիտը չի ռմբակոծել: Տները, հանրային նշանակության շենքերն ու ենթակառուցվածքներն անվնաս են:
Բայց մի չարագուշակ լռություն է տիրում:
Նոր սահմաններով թշնամին Խաչենի կամրջից առավելագույնը հինգ կիլոմետր է հեռու: Այնտեղ ռուս խաղաղապահներ են, նրանք դիտակետ ունեն նաեւ Մարտակերտի ու Քելբաջարի շրջանների սահմանին՝ Գանձասարի վանքից մոտ տասը կիլոմետրի վրա՝ դեպի արեւմուտք: Դեպի հարավ Ստեփանակերտն է, հյուսիս-արեւելքում՝ Մարտակերտը:
Դպրոցական դասընկերս Մարտակերտում է: Առաջին պատերազմի մասնակից, պաշտոնաթող սպա է: Պատերազմի բոլոր օրերին զինվորական որդու հետ ռմբակոծվող քաղաքում էր: Ռուս խաղաղապահները Փափրավենդի մոտ են: Դա Մարտակերտի արվարձանային թաղն է՝ մայրուղու վրա, որ երթեւեկության համար նոյեմբերի 19-ից արդեն փակ է: Մարտակերտից Ստեփանակերտ հիմա հասնում են նվազագույնը երկու ժամում: Իսկ դեպի արեւելք բաժանարար դիրքերը երեք կիլոմետրի վրա են: Մատաղիսի կորստով թշնամին նաեւ հյուսիսից է մոտեցել Մարտակերտին: Քաղաքը դաժան ռմբակոծության է ենթարկվել: Զինադադարից երկու-երեք շաբաթ հետո է միայն վերականգնվել էլեկտրա-գազամատակարարումը, կապը: Դպրոցական շենքերը տրամադրվել են Ադրբեջանին անցած տարածքներից բռնատեղահանվածներին: Տասնյակ ընտանիքներ զրկվել են առանձնատներից:
Քաղաքը մեկ անգամ էլ 1992-93 թվականներին է ավերվել, հիմնովին կողոպտվել: Տեսքի է բերվել վերջին հինգ-տասը տարիներին: Եւ հիմա պիտի վերստին սկսել գրեթե զրոյից: Սա է դաժան իրականությունը: Ամենադժվարը նրանց համար է, ովքեր հավատացել են վերաբնակեցմանը, չեն հեռացել: Խաչենի գետահովտում Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Հովտաշեն, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավական, Նոր Հայկաջուր են հիմնադրել, շենացրել: Այդ գյուղերում կյանք էր վերընձյուղվել, զրնգուն մանկություն կար, կայտառ ջահելություն, որ հող էր մշակում, այգի աճեցնում, բանակում պայմանագրային զինծառայող էր: Իսկ տարեցները մայրուղու վրա տոնավաճառ էին բացում՝ իրացնելու այգու, բանջարանոցի բարիքները:
Ամեն ինչ կորսվեց, եւ շատերն են հեռանում: Երեւի՝ ընդմիշտ:
Արտագաղթի երկրորդ սերունդն է լքում Արցախը: Մեր գյուղից Հովտաշենում մի քանի ընտանիք էր հաստատվել: Ծերերը վերադառնում են, ջահելները որոնումների, մտանատջությունների մեջ են՝ արժե՞ մեկ անգամ էլ ամեն ինչ սկսել նորից, թե ճիշտը թողնել-գնա՞լն է:
Տարածքային, մարդկային եւ նյութական կորուստներից զատ՝ վստահության խնդիր կա: Ու թեեւ մարդիկ լիովին չեն բացվում, բայց խոսքի ենթատեքստից հասկացվում է, որ ռուս խաղաղապահների հնգամյա ներկայությունը ապահովության երաշխիք չեն ընդունում: Տեղական-տարածքային իշխանության մասին էլ արտահայտվում են վատ թաքցրած քամահրանքով:
Այսօր իշխանության՝ որպես ինստիտուտի, վերականգնման գերխնդիր կա՝ նախագահականից մինչեւ համայնքապետարան:
Պատերազմը ծանրագույն հարված է հասցրել ԼՂ սուբյեկտությանը: Պետական կառույցները շփոթահար են: Անցած քսան տարիների անհոգությունը, երբ Երեւանից ամեն ինչ ծրագրվում, ֆինանսավորվում եւ իրականացվում էր, այլեւս հուշ է: Օրվա Երեւանը չգիտի անելիքը, հեռանկար չունի: Ստեփանակերտը փորձում է «ձեռքի կառավարման ռեժիմում» սոցիալական եւ հումանիտար հարցեր կարգավորել: Ինչ-որ բան, կարծես, ստացվում է, մեծամասամբ, սակայն, բացվող ամեն օր ոչ թե գոնե նվազագույն թեթեւություն, այլ նոր հարցեր է բերում:
Իսկ առջեւում մի ամբողջ ձմեռ է: Գյուղերում փայտ են վառում: Գոնե հասցրել են այգի-բանջարանոցի եղածը տուն գցել՝ լոբի, կարտոֆիլ, պահածոյացնել, մեղր քամել: Ով նոյեմբերի առաջին օրերի խուճապին չի տրվել, անասունը ջրի գնով չի ծախել, կաթ եւ մածուն ունի, տնական պանիր: Գյուղերում նորից թոնիր են վառում, տնական հաց են թխում, հավուճիվ ունեն: Հող ունեն՝ վաղվա ապրուստի երաշխիք: Թշնամուն տասնյակ հազարավոր հեկտարներով աշնանացան արտեր են մնացել, բերքի տակ ճկած այգիներ: Ինչո՞վ եւ ինչպե՞ս է փոխհատուցվելու այդ կորուստը:
Պատերազմը ղարաբաղցուն օդերից իջեցրել է իրականության տատասկոտ դաշտ:
Պատերազմը վերստին դրել է ինքնակազմակերպվելու հրամայականը: Իշխանությունը պարտավոր է թելադրողից վերափոխվել աջակցողի, խորհրդատուի: Նախապատերազմական էլիտար իշխանության հուշը մարդկանց դառնորեն վանում է՝ շատ մեղմ ասած: Որպեսզի մարդիկ ներքին պահանջատեր չդառնան եւ չդնեն «գիլյոտինային» պահանջներ, իշխանությունը պարտավոր է շատ արագ ինքնամաքրվել:
Ապաշխարել:
Սալոնային շքեղություններից հրաժարվել եւ աշխատել՝ ինչպես բահը ձեռքին գյուղացին է փխրեցնում կարտոֆիլի վաղվա ցանքատեղին:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։