Ռումինիայում իշխող Ազգային լիբերալ կուսակցության (PNL-Partidul Naţional Liberal) փոխնախագահ, Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Բեն-Օնի Արդելեանը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության մեկամյակի առնչությամբ գրառում է կատարել:
«Որոշ տարածաշրջանային ու արտաքին դերակատարների ուղղակի ու անուղղակի ներգրավվածությամբ պատերազմը պատճառ դարձավ զինվորների ու քաղաքացիական անձանց շրջանում հազարավոր զոհերի, տասնյակ հազարավորների տեղահանման, տասնյակ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց գերեվարման: Պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում շատ պատմական ու կրոնական հուշարձաններ, այդ թվում եւ այնպիսիք, որոնք համարվում են քրիստոնեական ժառանգության կարեւոր վայրեր, ոչնչացվեցին, վնասվեցին կամ դեռ վտանգված են»,- ֆեյսբուքյան գրառմամբ շեշտել է Բեն-Օնի Արդելեանը:
Նա ընդգծել է` վստահ լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, կողմերը պետք է վերսկսեն քաղաքական երկխոսությունը միջազգային միակ համաձայնեցված ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հովանու ներքո:
«Ուստի ես քաջալերում եմ ռումինական կողմի ջանքերին, որին աջակցում են ԵՄ անդամ տասը երկրներ, դրդելու Բրյուսելին ավելի ակտիվ դերակատարում ունենալու Հարավային Կովկասում` մասնավորապես կենտրոնանալով նախորդ տարվա ռազմական գործողությունների հումանիտար հետեւանքների անհապաղ հաղթահարման ուղղությամբ»,- շեշտել է ռումինացի պատգամավորը։