Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան Արցախում տեղի ունեցած միջադեպի մասնակից ԱՀ քաղաքացին ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում է։
«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով եւ առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին»,- նշել է Ստեփանյանը։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ հայտնել է, որ իր աշխատակազմն այցելելու է քաղաքացուն` անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։
Արցախի ԱԱԾ-ն հայտնել է, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:
Հայկական Telegram ալիքները հայտնել են, թե պայթուցիկ նետողը եղել է օրեր առաջ Շուշիում ադրբեջանցի զինվորականի կողմից սպանված 22-ամյա Մարտիկ Երեմյանի եղբայրը։
Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ ռուս խաղաղապահների մոտ գտնվող քաղաքացին Նորայր Միրզոյանն է։