Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Բելառուսում պարաշյուտային դեսանտավորման ընթացքում երկու ռուս զինծառայող է զոհվել:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Բելառուսի Գրոդնո քաղաքի մոտակայքում օդադեսանտային զորքերի ստորաբաժանման դեսանտավորման ընթացքում:
«Դեպքի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ քամու հանկարծակի ուժեղ պոռթկման հետեւանքով երկու պայմանագրային զինծառայողների պարաշյուտները շարքից դուրս են եկել։ Երկուսն էլ պարաշյուտային պատրաստության հրահանգիչների բարձր որակավորում են ունեցել։ Զինծառայողներից մեկը փորձել է կանգնեցնել երկուսի անկառավարելի անկումը՝ օգտագործելով իր պահեստային պարաշյուտը»,֊ նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Անբավարար բարձրության պատճառով զինծառայողի պահեստային պարաշյուտային համակարգը չի հասցրել բացվել ու կոշտ վայրէջք է տեղի ունեցել: Պատահարի հետեւանքով երկու զինծառայողներն էլ լուրջ վնասվածքներ են ստացել եւ անհապաղ տեղափոխվել տեղի բժշկական հաստատություն, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել: Հակառակ բժիշկների գործադրած բոլոր ջանքերին՝ ստացված վնասվածքներից երկու ռուս զինծառայողի կյանքն էլ չի հաջողվել փրկել։