«Պատերազմը դրվագ առ դրվագ դաջվում էր հիշողությանս մեջ, երբեմն պատկերներն անհետանում էին, հետո վերհիշում էի: Թուղթ ու գրիչ գտա, փորձեցի էսքիզներ անել, որ տեսարաններն արձանագրեմ: Մարտերը սկսվում էին արեւածագին, շարունակվում էին մինչեւ մայրամուտ: Ժամանակավոր դադար էր լինում, գիշերը 11-ին վերսկսվում եւ մինչեւ լուսաբաց շարունակվում էին կռիվները։ Արանքում ստացվում էր ավտոմատի կոթին դրված, մթության մեջ էսքիզներ կամ էլ գրառումներ անել՝ «կրակ, լույս, զոհ, սեւ, հարձակում»»,- պատմում է նկարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեւադա Սարգսյանը: Վստահ էր, որ դրանք հետագայում գեղանկարներ, պաստել, յուղաներկ կամ կոլաժ են դառնալու: Նկարիչը պատերազմ գնացել է որպես զինվոր, դասակի հրամանատար, կարծում էր՝ այնտեղ ավելի շատ անելիք ունի։
Պատերազմի առաջին օրերին, երբ զոհերի անուններն էր կարդում, ասում է՝ «ամաչում էի նույնիսկ տնից դուրս գալ»: Կամավորագրվել է: Սկզբում չէին կանչում, անընդհատ դիմում էր զինկոմիսարիատ, «հարցնում էի՝ պահեստազորային ենթասպա եմ, մի՞թե չկա իմ գնալու անհրաժեշտությունը»: Պատերազմի դաշտ հասնելու ջանքերը երկար չսպասեցրին: Մեկ շաբաթ անց միացավ Բերձորի պաշտպանական մարտերին, դասակի հրամանատար նշանակվեց:
«Գորիսի ճանապարհին մեծ թվով շտապօգնության մեքենաներից հասկացանք, որ գնում ենք մի տեղ, որտեղից գուցեեւ չվերադառնանք: Երբ առաջին անգամ տեսա այրվող անտառը, այդ սարսափի մեջ ինչ-որ շարժում, գույն նկատեցի»: Աստիճանաբար շատացել են նման տեսարանները, զգացողությունները, տպավորությունները, պատերազմից հետո նկարչի գունապնակում կարմիրն է ավելացել։ Նկարիչը համարում է , որ դաժանության մեջ էլ կարելի է գեղեցիկը տեսնել, գեղեցկության մեջ՝ պայքար, այդ օրվա հաղթանակը:
Նրա անհատական՝ «Դժոխքի ձոր» խորագրով ցուցահանդեսը ՀԲԸՄ հարկի տակ է բացվել: Նկարաշարը վավերագրում է պատերազմի ժամանակագրությունը, իրական պատկերները, «Դժոխքի ձոր»-ում մարտնչող մարդկանց, որոնց հետ եւ որտեղ նկարիչը մասնակցել է հայրենիքի պաշտպանությանն ու տեսել պատերազմի իրական դեմքը:
«Գիշերային խարույկն եմ նաեւ հիշում, թաքուն խարույկը: Եթե օդային տագնապ չէր լինում, ժամանակ էինք ունենում թեյ տաքացնելու, չնայած որ էդ թեյը երբեմն հարամվում էր, երբ օդային տագնապ էին տալիս: Մենք կողքը դույլով ավազ ունեինք, միանգամից լցնում էինք, կրակը հանգցնում: Կրակը, ձայնը, հոտը՝ էդ ամբողջն եմ ես փորձել եւ մինչ օրս փորձում պատկերել»,- ասում է գեղանկարիչը:
Մասուրի թեյով լի այս թեյնիկն ու կաղնին ցուցահանդեսի առանցքային գործերից են: Թեյնիկը միասնության, ապրելու, վաղվա օրվա խորհրդանիշն էր դարձել: «Ուր էլ լինեինք, թեկուզ մի պահ գտնում էինք, թեյնիկը մեզ իր շուրջն էր հավաքում: Մեր ընկերներից Ալիկի հորդորով սկսեցինք մասուր հավաքել: Ասում էր՝ «տղե՛րք, մասո՛ւր հավաքեք, ձմեռը դիմացն է, չգիտենք՝ ինչքան ենք մնալու»: Թեպետ սննդի ու սպառազինության խնդիր մեր ջոկատը չուներ, բայց երեւի զինվորի բնազդն էր:
Իսկ ռմբակոծված կաղնու տակ պատսպարվում էին, հավաքվում, քննարկում օրվա անելիքը, բայց արգելված, կասետային զենքի կիրառումից հետո անտառի հետ կաղնին էլ վառվեց: Նկարիչն ասում է՝ ինչպես այդ ծառն է մի օր վերընձյուղվելու իր հարազատ հողին, այնպես էլ մենք ենք ոտքի կանգնելու ու այդ ծառը կրկին խնամելու եւ ջրելու ենք:
Ցուցահանդեսին ներկա Արցախի հերոս, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը պատմում է՝ չեն իմացել, որ Սեւադա Սարգսյանն արվեստագետ է․ «Մեկ-մեկ նկատում էի, որ բնությունն ուսումնասիրում է, բայց դժվար էր կռահել, որ նկարչի հետ գործ ունենք»: 11 հոգանոց դասակը մեկ զոհ է տվել: «Այն, ինչ տեղի ունեցավ, մեծ ցավ է պատճառում մեզ, որովհետեւ տղաներն արիաբար, քաջաբար մարտնչում էին»: Մարտի վայրը նոյեմբերի 6-ին են անվանել «Դժոխքի ձոր», բայց գեներալ-մայորն առաջարկում է հայ զինվորի համար այն անվանել «Դիմակայության ձոր»:
Սեւադան ամեն օր ստեղծագործում է, փորձում կտավին հանձնել դեռեւս թարմ տպավորությունները։ Պատրաստ է 35 աշխատանք, դրանց հիման վրա հետագայում մեծ կտավներ կստեղծվեն:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀԲԸՄ Հայաստանի եւ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Համակարգող Լուսինե Քարամյանը, որ պատերազմի մասնակից նկարիչների ցուցահանդեսների շարք է կազմակերպում, ասում է՝ իր հավաքած տվյալներով Հայաստանում 56 արվեստագետ է մասնակցել պատերազմին, որից 20-ը չի վերադարձել:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։