Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ բանակցություններ է վարում Արցախյան պատերազմում զոհվածների աճյունների ու անհետ կորած զինծառայողների որոնումների վերսկսման շուրջ։
«Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ»,– ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
ԱԻՊԾ-ն նոյեմբերի 13-ին հայտնել էր, որ աճյունների որոնողական աշխատանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են։
Դրանից հետո որոնումներ իրականացնելու` հայկական կողմի բոլոր առաջարկներն Ադրբեջանը տարբեր պատրվակներով մերժել է։
2020-ի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության եւ ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ Շուշիում սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման եւ փոխանակման գործընթացը։
Այդ օրն առաջին անգամ հայերն ու ադրբեջանցիները դեմ առ դեմ հանդիպեցին եւ բանակցեցին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ։
2020-ի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների եւ Ադրբեջանի հետ դիերի փոխանակման ընթացքում մինչեւ օրս տարհանվել է 1697 աճյուն, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք են: