Ռուսական «ՌԻԱ նովոստին» տեղեկացնում է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է միրգ-բանջարեղեն ներկրել Ադրբեջանից եւ Հայաստանից: Բաքուն չի կարողանա լոլիկ եւ խնձոր ներկրել Ռուսաստան դեկտեմբերի 10-ից:
Միեւնույն ժամանակ, ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության, Հայաստանին դեկտեմբերի 14-ից արգելված է ՌԴ շուկա ներմուծել Արմավիրի մարզում աճեցված լոլիկն ու պղպեղը, որոնցում հայտնաբերվել են կարանտինային օրգանիզմներ, իսկ ավելի ստույգ՝ պեպինո մոզաիկայի վարակ (Pepino mosaic virus):
Բաքվում տարակուսանք են հայտնել արգելքի կապակցությամբ՝ համարելով դա սխալմունք: Հայկական կողմը ձեռնպահ է մնացել մեկնաբանությունից:
Կարտոֆիլի, պղպեղի, լոլիկի, սմբուկի եւ մորմազգիների ընտանիքի այլ բանջարեղենի վրա տարածվող Pepino mosaic virus-ը ազդում է դրանց ապրանքային որակի վրա (փոքրացնում պտղի չափը, կանխում համաչափ հասունացումը) եւ տարածվելու դեպքում կարող է զգալի վնաս հասցնել ռուսական գյուղատնտեսությանը: