Հայաստանի հարեւանությամբ է գտնվում մուսուլմաններով բնակեցված երեք պետություն, որոնցից միայն Իրանի Իսլամական Հանրապետության հետ են առկա սերտ հարաբերություններ, իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մինչ օրս ունենք առկախված կոնֆլիկտներ:
Հայաստանն ունի առեւտրատնտեսական, մշակութային, սոցիալական կապեր արաբական երկրների հետ։ Մեր բազմաթիվ քաղաքացիներ ապրում եւ աշխատում են այդ երկրներում, որտեղ կան նաեւ հայկական համայնքներ:
Քաղաքական եւ դիվանագիտական առումով Հայաստանն ակտիվ ներկայություն ունի մի շարք արաբական երկրներում, ինչն առավել կարեւոր է դարձնում իսլամի մասին ստույգ եւ հստակ տեղեկություններ ունենալու անհրաժեշտությունը: Չնայած այս ամենին՝ հայերը հաճախ վերապահումով են վերաբերվում իսլամ դավանող մարդկանց:
««Կեղտոտ մուսուլման է», «Նույն թուրքն է, էլի». նման մեկնաբանություններ հաճախ եմ լսել Հայաստանում բնակվելուս ութ տարիների ընթացքում, բայց հասկանում եմ, մարդիկ տարբեր են»,- ասում է Դուբայից ժամանած 45-ամյա Ալի Թեմիզը։ Նա իսլամի շիա ճյուղի հետեւորդ է եւ արդեն մի քանի տարի անգլերեն է դասավանդում Հայաստանի բուհերից մեկում:
Ալին ասում է, որ Երեւանում մարդիկ ավելի բարյացակամ են իր հանդեպ, իսկ մարզերում բացասական մեկնաբանություններ իր հասցեին նա լսում է մինչ օրս:
Արաբագետ-իսլամագետ Հայկ Քոչարյանը բացատրում է, որ 7-րդ դարից սկսած հայերն ունեցել են հարեւան մուսուլմանական պետություններ, եւ մուսուլմանների հանդեպ մեր այդ բացասական վերաբերմունքը թուրքերի հետ նրանց նույնացնելու հետեւանքն է:
«Կա մուսուլմանի կերպարի հանրային ընկալում: Եթե նախկինում այն նույնացվում էր թուրքի հետ, ապա հիմա ավելացել է նաեւ արաբի կերպարը:
Կան հանրամատչելի տարբերակներ, որոնց շնորհիվ կարելի է ծանոթանալ այս կրոնին, որովհետեւ մուսուլմանները մեր շրջապատում են, ու չէր խանգարի այդ տեսանկյունից կրթվել, որպեսզի տարանջատվի մեդիայում տիրող խառնաշփոթը, որտեղ իսլամը նույնացվում է ահաբեկչության հետ: Այսօր լրատվությունը սպառելու համար հաճախ են դիմում տարբեր մանիպուլյացիաների»,- ասում է նա:
Ալին նույնպես նկատում է, որ հայկական լրատվամիջոցներում հենց այդ խառնաշփոթի հետեւանքով էլ կրոնական որոշ խմբերի նկատմամբ հաճախ ձեւավորվում է հասարակական ոչ բարենպաստ կարծիք:
Նա կարծում է, որ Հայաստանի հասարակությունը չունի ամբողջական պատկերացում մուսուլմանների մասին։ Մի կողմից փակ սահմաններն ու հակամարտությունը, մյուս կողմից միջնորդավորված ու կարծրատիպային ընկալումները հասարակության մեջ առաջացնում են տեղեկատվական քաոս։
«Իրանի մասին մասնավորապես հայկական մամուլում անդրադարձների համար տեղեկատվական առիթ են դառնում միայն Իրանի միջուկային ծրագրով պայմանավորված ԱՄՆ-Իրան հարաբերությունների հերթական սրացումները եւ կանանց իրավունքների ոտնահարման աղմկահարույց դեպքերը: Արդյունքում Իրանը հասարակական ընկալումներում պատկերվում է որպես միայն կանանց իրավունքները ոտնահարող եւ Արեւմուտքի հետ հակամարտության մեջ եղած կարծրատիպային ընկալմամբ երկիր: Իսկ արաբները նույնացվում են ահաբեկիչների հետ»,- ասում է նա ու մեզ հետ կիսվում հայկական կայքերում իրեն հանդիպած մի քանի նյութերով, որոնցում, իր կարծիքով, կարիք չկար նշելու էթնիկ պատկանելությունը:
Ալին նաեւ հիշում է, թե ինչպես էր տարիներ առաջ սիրահարվել հայ աղջկա, որին ծնողներն ասել էին. «Մուսուլմանները ժամանակավոր են ամուսնանում, հետո անպետք իրի պես դուրս են շպրտում իրենց կանանց»:
Թե այս կարծրատիպն ինչով է պայմանավորված, Քոչարյանը բացատրում է . «Եթե խոսում ենք շիաների մասին, ապա այստեղ ամուսնական ավանդույթներում կա ժամանակավոր ամուսնությունը: Այս դեպքում ժամկետները նշվում են փաստաթղթերում: Դատական գործերում հանդիպող հիմնական խնդիրները կապված են այն բանի հետ, որ սա հաճախ ընկալվում է որպես հիմնական ամուսնություն: Այն կարող է տեւել 1 ժամից մինչեւ 99 տարի եւ, որպես կանոն, ունենում է ամուսնական պայմանագիր, որտեղ նշվում են բոլոր պայմանները»:
Ի տարբերություն Ալիի՝ իրանցի Դանյալ Ֆիրոուզմանդին, որ 22 տարի բնակվում է Հայաստանում, ասում է, որ երբեւէ խնդիր չի ունեցել հայերի հետ իր ազգության կամ դավանանքի առնչությամբ:
«Սիրում եմ հայերի հանգիստ բնավորությունն ու այն, որ ուրիշի գործերի մեջ երբեք չեն խառնվում: Հայ ընկերներ շատ ունեմ: Եթե հայերը ընկերանում են, ապա մինչեւ վերջ նվիրվում ու աջակցում են, եթե խնդիր ունես, օգնում են քեզ: Ես դա շատ եմ գնահատում: Քանի որ տարիներով իրանցիներն ու հայերը կողք կողքի են ապրել, տարբերություններն այդքան էլ շատ չեն»,- պատմում է նա:
Դանյալը ժպտալով պատմում է՝ հայ ընկերների հետ միայն մեկ խնդիր ունի. իր կրոնը թույլ չի տալիս ալկոհոլ օգտագործել, բայց երբ հայ ընկերները նրան կանչում են հանդիպման, միշտ մեծ սիրով գնում է, պարզապես հրաժարվում է խմիչքից:
Դանյալը նաեւ հիշում է 44-օրյա պատերազմի շրջանը, ինքն էլ իր ծնողների հետ մեծ ցավ է ապրել եւ ապրումակցել զավակ կորցրած յուրաքանչյուր հայ ընտանիքի:
Ֆեյսբուքում մեր իրականացրած հարցախույզից պարզվեց, որ Հայաստանում մշտական ու ժամանակավոր բնակություն հաստատած մուսուլմանների մեծամասնությունը կարծում է, որ հայերի բացասական վերաբերմունքն ու կարծրատիպերը մեդիայում տիրող քաոսի հետեւանքն են։ Նրանց կարծիքով հարկավոր է ձեռնարկել իրավական, ինստիտուցիոնալ եւ անհրաժեշտ այլ արդյունավետ միջոցներ կրոնական անհանդուրժողականության ցանկացած դրսեւորում կանխարգելելու համար: