Ռուսական REGNUM գործակալությունը հայտնում է, որ Վրաստանում մեխանիզմներ են մշակվում, որպեսզի խորհրդարանն այսուհետ ի վիճակի լինի աշխատել առանց բոյկոտ հայտարարած ընդդիմադիր պատգամավորների՝ թողնելով վերադարձի հնարավորություն։
«Վրացական երազանք» կառավարող կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն «Ինտերպրես Նյուս» գործակալությանը տված հարցազրույցում մանրամասնել է. «Եթե կուսակցություններից մի քանիսը որոշեն չմասնակցել խորհրդարանի աշխատանքին, մենք գործի կգցենք այդ մեխանիզմը եւ նրանց պատգամավորական լիզորությունները չեն դադարի: Դա սաբոտաժի դեմ մեխանիզմ է, որը նախատեսված է Սահմանադրությամբ»:
Կոբախիձեն հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերից, այն բանից հետո, երբ կառավարող կուսակցությունը չկարողացավ անհրաժեշտ քվե հավաքել ընտրական բարեփոխումների համար, խորհրդարանը գործնականում աշխատում էր բոյկոտի ռեժիմով:
Ըստ REGNUM-ի՝ Վրաստանի ընդդիմադիր ուժերը չէին ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, իսկ պատգամավորները հրաժարվում են մտնել խորհրդարան, որի առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին: