Նոյեմբերի սկզբներից «Regnum»-ի Բաքվի թղթակիցը սոցցանցային եւ մամուլի հրապարակումների «ծաղկաքաղ» է ներկայացնում։ Դրանք հիմնականում Ռուսաստանի դեմ են։ Տեսակետներ են հայտնում Միլլի մեջլիսի պատգամավորներ, քաղաքական ուժերի առաջնորդներ, փորձագետներ, վերլուծաբաններ, «շարքային օգտատերեր»։
Սկզբունքորեն «Regnum»-ի խմբագրական քաղաքականությանը դա չպետք է համապատասխանի․ ի՞նչ շահ կա ռուսաստանցի ընթերցողին ներկայացնելու, թե Ադրբեջանում որքան վատ են մտածում Ռուսաստանի, ռուսական իշխանությունների, երբեմն էլ առհասարակ ռուս ժողովրդի մասին։ Բայց «ադրբեջանական ծաղկաբույլերը» մատուցվում են պարբերաբար, փոխվում են դեմքերը, դերերը՝ ոչ։
Եթե վերացարկվենք Բաքվից հնչող կարծիքների գռեհկախոսություններից, ապա շատ հեշտությամբ դիտարկվում է երկու գերկարեւոր թեմա։ Առաջինը Լաչինում «անցակետ ունենալու», երկրորդը՝ «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում «հայկական ապօրինի զինված խմբավորումների զինաթափման» անհրաժեշտությունն է»։
Հետեւենք վերջին երկու-երեք օրերի իրադարձություններին։ Նոյեմբերի 12-ին համացանցը «պայթեց» ոչ անհայտ Սեմյոն Պեգովի տարածած տեսանյութից, որ գրեթե վայրկենապես տարածեցին հայկական կայքերը, թելեգրամյան ալիքները, սոցիալական ցանցերի հարյուրավոր օգտատերեր։ Ո՞վ էր արտոնել Պեգովի մուտքը ղարաբաղա-ադրբեջանական նոր շփման գծի ամենաառաջնային դիրքեր, ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ «մասկի-շոուն», ո՞ւմ էր պետք իմանալ, թե կոնկրետ նրա այցելության ուղղությամբ ինչ ուժեր են մարտական հերթապահություն իրականացնում, ի՞նչ կարիք կար տեսագրելու եւ եթեր հեռարձակելու արցախյան ուժային կառույցի ներկայացուցչի խոսքը։
Սրանք անպատասխան հարցեր են։
Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, Արցախի ՆԳՆ-ն ֆեյսբուքյան գրառմամբ ծանուցեց, որ Արցախ-Հայասստան ճանապարհը երկկողմանի փակ է Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Կես ժամ անց Ստեփանակերտի «կոլցեւոյի» մսագործները եւ ծաղկավաճառներն էլ արդեն գիտեին, որ նոյեմբերի 8-ին Իլհամ Ալիեւի թիկնազորի աշխատակցի կողմից սպանված երիտասարդի հարազատներից մեկը «նռնակ է նետել ադրբեջանական պահակակետի ուղղությամբ»։ Մարդիկ շատ բաց ափսոսում էին, որ «շներից ոչ մեկը չի սատկել»։ Եվ ուրախանում, որ մեր կողմից տուժածներ չկան։
Եվս կես ժամ անց Արցախի ՆԳՆ-ն տեղեկացրեց, որ ճանապարհը բաց է, երթեւեւկությունը վերականգնված է, անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Հետո սկսվեց սոցցանցային «բումը», որի լեյտմոտիվը մեկն է․ «Եթե իշխանությունը չի կարողանում (չի ցանկանում) ապահովել արցախահայության անվտանգությունը, ապա թող «գահից» հեռանա, տեղը զիջի նրանց, ովքեր կարող են (անկեղծ ցանկանում են)»։ Հաջորդեց «ազգային-ազատագրական պայքարի» կոչը, որին զուգահեռ թիրախավորվեցին Արցախի իրավապահ մարմինները, թե ինչու են «քրեական գործ հարուցել հայ վրիժառուի նկատմամբ»։ (Թեեւ այդ մասին պաշտոնական որեւէ տեղեկություն չկա, բացի այն, որ դեպքից հետո ռուս խաղաղապահները նրան փոխանցել են արցախյան պատկան մարմիններից մեկին)։
Նռնականետման հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Շուշիում ռուս-ադրբեջանական համատեղ «փորձագիտական խորհրդաժողով է գումարվել»։ Եվ Բաքվի լրատվամիջոցներն իսկույն տիրաժավորեցին ռազմական փորձագետ, պաշտոնաթող փոխգնդապետ Ուզեիր Ջաֆարովի կարծիքը․ «Եթե «հայկական ապօրինի զինված խմբավորումները» չկազմալուծվեն, ամբողջ բնակչությունը չզինաթափվի, ապա հակառակորդը, ոգեւորվելով անպատժելիությունից, ավելի կկատաղի (այո՛, հենց այդ բառն է օգտագործել) եւ կդիմի նոր ահաբեկչությունների»։
Պաշտպանության բանակի, Արցախի այլ ուժային կառույցների ապալեգիտիմացումը, կազմալուծումը, արցախահայության զինաթափումն, ուրեմն, Ադրբեջանի համար գերխնդիր են։ Ոչ թե անվտանգային, այլ հիմնականում քաղաքական նկատառումներով։ Որովհետեւ եթե ՊԲ-ն, Արցախի մյուս ուժային կառույցները ճանաչվում են օրինական, դրանից ուղղակիորեն հետեւում է, որ «չկա Լեռնային Ղարաբաղ, չկա ԼՂ խնդիր» ալիեւյան «սլոգանը» զուտ ներքին սպառման «ճաշատեսակ է»։ Կայուն, կառավարելի, կանխատեսելի իրավիճակում Իլհամ Ալիեւը հազիվ թե ռուսական կողմին համոզի, որ ՊԲ-ն եւ մյուս ուժային կառույցները «պետք է լուծարվեն»։
Քաղաքական առումով դա Ռուսաստանին ձեռնտու չէ, որովհետեւ այդ դեպքում ռուս խաղաղապահներն ադրբեջանական կողմի հետ «կրակային շփման մեջ են հայտնվում»։ Իսկ դա վտանգավոր է։ Ռուսաստանը չէր ցանկանա անմիջական պատասխանատվություն վերցնել հնարավոր «ֆորս-մաժորի» համար։ Երբ առկա է ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ, ապա ռուս խաղաղապահներին մնում է «միջնորդի դերակատարություն»։
Սա, իհարկե, շատ փխրուն, իրավական առումով ոչ մի ամրագրում չունեցող իրավիճակ է, բայց անցած մեկ տարում, բացառությամբ մի քանի միջադեպերի, հարաբերական խաղաղությունը պահպանվել է։ Դա ոչ մի առումով Ադրբեջանին ձեռնտու չէ, ամենից առաջ՝ ԼՂ կարգավիճակի շուրջ բանավեճի համատեքստում։ Խնդիր, որ նոյեմբերի 9/10-ի Հայտարարությամբ կարգավորված չէ։ Կարելի է ե՛ւ այսպես մեկնաբանել, ե՛ւ այնպես։ Ահա այս զգայուն իրավիճակում ղարաբաղա-ադրբեջանական շփման առաջնագծից Պեգովի «մարտաֆիլմը», դրան հաջորդած նռնականետությունը, Արցախում ազգային-ազատագրական պայքարի կոչը եւ Շուշիում ռուս-ադրբեջանական փորձագիտական «խորհրդաժողովը» (շատ պարզ դիտարկվող կապի մեջ) ի՞նչ նպատակ են հետապնդում։
Ոչինչ արտառոց չէ, նման փորձություն մենք երեսուն տարի առաջ անցել ենք։ Բայց դա Խորհրդային Միության «խունկ շնչելու» տարին էր։ Այսօր գործ ունենք Ռուսաստանի հետ, որ աշխարհի այլ «թեժ կետերում» բոլորովին էլ «չի կատակում»։ Արցախն ու արցախահայությունն ինչո՞ւ պիտի բացառություն լինեն։ Հայաստանի օրվա իշխանությունը, պարզ երեւում է, նման եւ այլ կարեւորագույն հարց ձեւակերպելու, իր առջեւ դնելու եւ «տնային աշխատանք կատարելու» հմտություն չունի, գուցե թե՝ նաեւ ցանկություն։ Բայց դրանից չի հետեւում, թե ընդդիմությունն էլ «խոտորնակին՝ խոտորնակ» սկզբունքով պիտի առաջնորդվի։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։