ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ավելի քան 4 հազար ուխտավոր մեկ տարվա ընթացքում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ Ամարաս ու Դադիվանք է այցելել:
«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում իրենց գործունեության մեկ տարվա ընթացքում ապահովել են ավելի քան 4 հազար ուխտավորների անվտանգ այցելությունն Ամարաս եւ Դադիվանք վանական համալիրներ, որոնք կողմերի սահմանազատման գծի մոտ են»,- նշել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Պոստնիկովը:
Պոստնիկովն ընդգծել է, որ ռուս խաղաղապահներն ավելի քան 80 անգամ ուխտավորներին ուղեկցել են կիրակնօրյա ժամերգության Ստեփանակերտից դեպի վանքեր ու հակառակ ուղղությամբ:
Ամեն կիրակի ուխտավորները Հայաստանից ու Արցախի հեռավոր շրջաններից գալիս են ժամերգության։ Բացի դրանից՝ տարածաշրջանի պատմական եւ մշակութային արժեքների պահպանման համար ռուս զինծառայողները մշտապես պարեկություն են իրականացնում վանական համալիրների հարակից տարածքներում:
«Ամեն կիրակի ժամերգություն կա, Ստեփանակերտի ու տարբեր շրջանների ուխտավորները գալիս են այստեղ։ Կան նաեւ երեխաներ, նրանք չեն վախենում։ Մենք վերականգնումից հետո այստեղ կիրակնօրյա դպրոց կբացենք, որ երեխաներն այստեղ սովորեն: Մեր հոգեւորականները միշտ ասում են, որ խաղաղապահներն իրենց գործն անում են լավ եւ արժանապատվորեն։ Այնպես որ, շնորհակալ ենք նրանցից, որ պաշտպանում են մեր ուխտավորներին Ամարասի վանական համալիր այցելելիս»,- ասել է Վրթանես եպիսկոպոսը։
Ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Ամարասի վանքը հայտնվել է Արցախում կողմերի սահմանազատման գծին մոտ։ Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր հիմունքներով ապահովում են սրբավայր այցելող ուխտավորների անվտանգությունը: