Ըստ ռուսական REGNUM գործակալության՝ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը կոչ է արել ՆԱՏՕ-ի նոր ռազմաբազա հիմնել Վրաստանում:
«Վրաստանը ՆԱՏՕ-ին էական օգնություն կարող է ցուցաբերել, եթե թույլ տա իր տարածքում ռոտացիոն բազա տեղակայել՝ Սիրիայում եւ Իրաքում բլոկի ռազմաօդային գործողություններին օժանդակելու համար»,- վրացական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Բեն Հոջեսը:
«Դա կարող է լինել օժանդակ ենթակառուցվածք՝ օդային գործողությունների համար: Օրինակ՝ օդանավերի լիցքավորում, ռազմամթերքի եւ այլ անհրաժեշտ պաշարների պահեստավորում: Վրաստանում նման բազայի ստեղծումը կարող է շատ օգտակար լինել: Գլխավոր նպատակը, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն նախաձեռնողականություն դրսեւորեն Սեւ ծովում, այլ ոչ թե մշտապես գործեն միայն ի պատասխան Կրեմլի գործողությունների». ասել է Հոջեսը
Գեներալը նշել է, որ այդ բազայի համար Վրաստանում օտարերկրյա զինուժի ներկայությունը պարտադիր չէ, բայց նման ենթակառուցվածքի ստեղծումը ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային կստիպի հաճախակի զինծառայողներ ուղարկել այդ երկիր:
Ի դեպ, 2015-ի օգոստոսից Վրաստանում գործում է ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը, որը տեղակայված է Թբիլիսիի մերձակայքի «Կրցանիսի» ռազմաբազայում: