ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 16-ին՝ 13։00-ի սահմաններում, հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արեւելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։
***
Պաշտոնական Բաքուն իր հերթին հայտարարել է, որ հայկական Զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը։ Մասնավորապես, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի այսօր տարածած հաղորդագրության, Հայաստանի Զինված ուժերը նոյեմբերի 15-ի 16։15-ից մինչեւ նոյեմբերի 16-ի 4։30-ը գնդակոծել են ադրբեջանական զինուժի դիրքերը Թովուզի, Փամբակի, Քելբաջարի, Շամշադինի , Աղստաֆայի շրջանների մի շարք բնակավայրերի ուղղությամբ։
Ադրբեջանի ՊՆ-ի պնդմամբ՝ ադրբեջանական զինուժը «համարժեք պատասխան քայլեր է ձեռնարկել», եւ «օպերատիվ իրադրությունը գտնվում է ադրբեջանական բանակի վերահսկողության ներքո»։ Հայկական կողմն առայժմ չի արձագանքել ադրբեջանական կողմի մեղադրանքներին։