Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ադրբեջանական ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ, ինչպես նաեւ հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։
«16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արեւելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետեւանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաեւ հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի եւ մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել»,- ասված է հաղորդագրությունում։