Ադրբեջանի շրջաններից յոթը (գրավել, ազատագրել) մեզանով էինք արել ու պահում էինք ավելի քան 26 տարի։
Կար գրավելու ժամանակ, կար սակարկելու եւ սակարկելով վերադարձնելու ժամանակ, որը բաց թողեցինք։ Մեզ թվացել էր, թե միջազգային հանրության (հիմնականում՝ գերտերությունների) լռությունը համաձայնության նշան է։
Եթե կոշտ հայտարարություններ չեն հնչում, եթե կտրուկ քայլեր չեն ձեռնարկվում, ուրեմն կուտը կերել են, եւ մնում է, որ պարտվածը հաշտվի իր մասնատման փաստի հետ։
Իրականում կոշտ հայտարարություններ չէին հնչում, կտրուկ քայլեր չէին արվում, եթե ինչ-ինչ քայլեր էլ ձեռնարկվում էին, դրանց ուժ տալու հարցում նախանձախնդրություն եւ հետեւողականություն չէր դրսեւորվում, որովհետեւ անտարբեր էին։
Անտարբերությունը մեղադրանք չէ։ Անտարբերությունը փաստի հավաստագրում է (constatation, констатация). դե, հիմա, գրավել, գրավել են, մի օր կա՛մ խելք կունենան խոսք ու զրույցով հարցը լուծելու, կա՛մ կողմերից մեկն այնքան ուժեղ կլինի, որ կպարտադրի իրենը։
Առաջին դեպքում հրմշտոց կսկսվի խաղաղությունն ու հաշտությունը սեփականելու հարցով, երկրորդ դեպքում՝ անտարբերությունը կա ու կա։
Այս ընթացքում համանախագահները գալիս ու գնում էին, գնում ու գալիս էին։ Челночная дипломатия (մաքոքային դիվանագիտություն) էր իրականացվում, որից շոշափելի օգուտ ունեին միայն մասնակից դիվանագետները՝ բարձր աշխատավարձով, եւ ավիաընկերությունները՝ տոմսերի վաճառքով։
Եվ այս ամենը տեսած, այս ամենին մասնակից եղած Իլհամ Հեյդարովիչ Ալիեւը որոշել է արդեն Հայաստանից տարածք գրավել ու սպասել արձագանքի։ Պատասխանն ինքն ունի, նոր բան չի մտածելու։
Որ Եվրամիության հատուկ դեսպան Տայվո Կլաարն անհանգստացած է, ոչինչ, ջուր կխմի, կհանգստանա, որ ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ՀԱՊԿ-ը եւ մյուսները մտահոգ են, ոչինչ, երկու օր թռուցիկ հայտարարություններ կանեն ու կմտնեն անտարբերության ռեժիմի մեջ։
Նրանց աչքի առջեւ որեւէ պետության մասնատումը կամ, անգամ, վերացումը փաստ է, որն ընդունվում է ի գիտություն։ Ոչ ոք ուրիշի դարդը չի լացում, առավելեւս չի հանձնառում ուրիշի պաշտպանությունը, էլ չասած՝ արդարության վերականգնման մասին։
Սա գիտի Իլհամ Հեյդարովիչ Ալիեւը, դրա համար համարձակ հրաման է տալիս ռազմական գործողություններ ծավալել ուրիշի տարածքում։ Ռուսը կգա-չի գա, ամերիկացին ու ֆրանսիացին չեն գա հաստատ, Հունաստանն ու Կիպրոսը շիրա կտան կողքից։
Բայց ամեն ինչից առաջ նա գիտի, որ դիմացը պետություն չկա, դիվանագիտություն չկա, քաղաքական միտք չկա։ Կա պողպատե մանդատ, որը ներքին եւ միանգամյա օգտագործման համար է։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։