ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին ՀՀ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով տարբեր սոցիալական հարթակներում եւ կայքերում ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ են տարածվում, որոնցում մասնավորապես կոչ է արվում հայերի դեմ սկսելեւ հեռախոսային «ահաբեկչական» գործողություններ (Друзья, просим Вас начать компанию телефонного террора против армян):
Այդ հաղորդագրություններում խորհուրդ է տրվում հավաքել +374 երկրի կոդը, այնուհետեւ բջջային կապի օպերատորների բոլոր 91, 96, 99, 43, 77, 93, 94, 98 հեռախոսային կոդերը, ինչից հետո հավաքել 7-նիշանոց որեւէ համար եւ ռուսերենով ձայնային կամ տեքստային հաղորդագրություններ ուղարկել Ադրբեջանի հետ սահմանամերձ քաղաքները եւ բնակավայրերը անմիջապես լքելու կոչերով:
Միաժամանակ կոչ է արվում ուղերձներ տարածել, համաձայն որոնց` Մեղրի, Կապան, Քաջարան, Ջերմուկ, Տաթեւ, Գորիս, Տեղ, Սիսիան, Անգեղակոթ քաղաքներն ու բնակավայրերը շուտով օկուպացվելու են ադրբեջանական զինված ուժերի կողմից, եւ որ այդ հողերն արդեն հանձնված են Ադրբեջանին, ինչպես նաեւ տարածել, որ «Յաշմա»-ն եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների դիվերսիոն խմբերը արդեն այդ բնակավայրերում են:
ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է լինել զգոն, անուշադրության մատնել հնարավոր կասկածելի զանգերը եւ հաղորդագրությունները:
«Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում չտարածել կասկածելի, չճշտված տեղեկություններ, զինված ուժերի կամ զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր եւ լուսանկարներ ու բացառապես ապավինել պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ: