ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները ամենամյա հանդիպման շրջանակում հավաքվել են Մոսկվայում։ ՌԴ ԱԽ աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի ԱԽ քարտուղար Ռամիլ Ուսուբովը մասնակցում են Մոսկվայում անցկացվող ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա հանդիպմանը։
«Նիստի մասնակիցների ուշադրության կենտրոնում են ԱՊՀ երկրների անվտանգությանն Աֆղանստանի տարածքից սպառնացող վտանգները, միգրացիայի ոլորտում համագործակցության հարցերը, կենսատեխնոլոգիաների զարգացմանն առնչվող խնդիրները»,- ասված է հաղորդագրությունում։
Բացի դրանից` քննարկվելու են մարդասիրական արձագանքման ոլորտում փոխգործակցության, հանցավոր նպատակներով տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմանը հակազդելու հարցեր։
Հանդիպմանը Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւից, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԽ քարտուղարներից բացի մասնակցում են նաեւ Բելառուսի ԱԽ պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, նախագահի օգնական, Անվտանգության խորհրդի քարտուղար Ասետ Իսեկեշեւը, Ղրղզստանի եւ Տաջիկստանի ԱԽ քարտուղարներ Մարատ Իմանկուլովն ու Նասրուլլո Մահմուդզոդան, նախարարների կաբինետի փոխնախագահ, Թուրքմենստանի պետական ԱԽ քարտուղար Չարիմիրատ Ամանովը, Ուզբեկստանի նախագահին կից ԱԽ քարտուղար Վիկտոր Մախմուդովը, ինչպես նաեւ Մոլդովայի ներկայացուցիչներ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։