Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովն ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովը հնարավոր կդառնա, եթե հանդիպման համար լինեն երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը։
Մարտերը դադարեցվել են Մոսկվայի ջանքերով
Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է նաեւ, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը կարգավորելու գործում, իսկ իրադրության կայունացման հնարավոր է հասնել միայն Ղարաբաղի վերաբերյալ ընդհանուր պայմանավորվածությունները կատարելու ճանապարհով:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ ռուսական կողմը շարունակելու է միջնորդել բանակցություններում։ Ըստ նրա` իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է։
Ստանձնած պարտավորությունների կատարումը՝ միջադեպերը չվերսկսելու գրավական
«Բոլոր երկրները առաջին հերթին պետք է հետեւեն իրենց ստանձնած պարտավորություններին, եւ դա կլինի նման միջադեպերը չվերսկսելու գրավականը»,- ընդգծել է Պեսկովը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին մարտերի վերսկսումը լուրջ անհանգստության առիթ է դարձել Կրեմլում, սակայն Մոսկվայի միջնորդությունը թույլ է տվել դադարեցնել դրանք:
«Գիտեք՝ առաջին հերթին, իհարկե, ակտիվ ջանքեր գործադրեց նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ նպատակով երեկ տեղի ունեցավ նրա զրույցը ՀՀ վարչապետի հետ։ Ռազմական գործողությունների վերսկսումը երեկ լուրջ մտահոգության առիթ էր դարձել։ Բայց միջնորդական ջանքերով ռուսական կողմին հաջողվեց զսպվածության կոչ անել հակամարտող կողմերին»,- ասել է Պեսկովը։